Սա կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար. Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը

Իրանը ողջունում է խաղաղության պայմանագրի կետերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը:

Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաքային՝ նշելով, որ սա անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։ 

Նա նաև հույս է հայտնել, որ, «հաշվի առնելով վեճերը երկխոսությամբ և դիվանագիտությամբ լուծելու երկու կողմերի հանձնառությունը, շուտով ականատես կլինեն երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը»:

Հիշեցնենք, որ նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով