«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ «Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները մնացած երկու կետերի վերաբերյալ»։
«Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Հայաստանի Սահմանադրությամբ պետք է վերացվեն տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Բացի այդ, Մինսկի խումբն ու նրա մնացորդները պետք է լուծարվեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
Երեկ՝ մարտի 12-ին, Արարատ Միրզոյանը պատասխանելով հարցին, թե հայկական կողմը համաձա՞յն է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, ասել էր․ - «Մի շարք հարցեր քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն՝ պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այո՛, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»։
comment.count (0)