Կոչ եմ անում որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը. Եվրոպական խորհրդի նախագահը դիմել է Փաշինյանին և Ալիևին |tert.am|

tert.am: Անկեղծ շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման կապակցությամբ։ Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիարժեք կարգավորելու և տարածաշրջանը բացելու ուղղությամբ։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Այժմ ձեզ կոչ եմ անում առաջ շարժվել և որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բոլոր հետագա քայլերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը», – ասել է Կոշտան։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև