Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը. Իրանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չունենանք որևէ հավակնություն տարածքի նկատմամբ», – իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հարցին:

Նա նաև ընդգծել է. – «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, պաշտպանում ենք նաև Հայաստանի իրավունքները»։

Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ցամաքային կապ ստեղծելու վերաբերյալ հարցին՝ Փեզեշքիանն ասել է. – «Նախագիծն արագ զարգանում է։ Այն արդեն համաձայնեցված է, և Իրանի տարածքի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծման հարցում որևէ խնդիր չի լինի», – ասել է նա։

Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է՝ ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Բաքուն Հայաստանից ճանապարհ է պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:

Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով», – ասել էր Ալիևը՝ նշելով՝ քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։ Ալիևի խոսքով՝ Թեհրանի հետ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, երբ Բաքվում «տեսան Հայաստանի ոչ անկեղծ պահվածքը»։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով