«Վստրեչի Ապերի»՝ համաներմամբ խնդրահարույց ազատման հարցով զբաղվում են իրավապահները |civilnet.am|

civilnet.am։ Քրեական հեղինակություն, «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի մասնակցությամբ անցյալ տարի հարուցված քրեական գործի կարճումն ու նրա նկատմամբ համաներման կիրառման օրինականության հարցով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները։

Հեղափոխությունից հետո՝ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացի Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել այն մասին, որ 2017-ի հուլիսին Նորագավիթի սուպերմարկետներից մեկի մոտից մի խումբ անձինք իրեն առևանգել են, բռնություն կիրառել իր նկառտմամբ։

Հարուցվել էր քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել ու մասնակցել է այդ գործողությանը՝ հրազենի գործադրման սպառնալիքով Բագրատունուն տեղափոխելով Երևանի Արցախի փողոցում գտնվող մի շինություն, որտեղ բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ, սպանության սպառնալիքով ստիպել լքել ՀՀ-ն։ Բագրատունին հեռացել էր Հայաստանից և վերադարձել միայն հեղափոխությունից հետո։

Գործի շրջանակում խուզարկություն էր կատարվել Վարդանյանի առանձնատանը, իսկ նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Հոկտեմբերի 4-ին Վարդանյանը Դուբայից էքստրադիցիայի ենթարկվեց, կալանավորվեց, իսկ օրեր անց Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց, նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Դեկտեմբերի 25-ին սկսվեց Վարդանյանի դատավարությունը, որն անցկացվում էր դռնփակ, իսկ արդեն հունվարին Արամ Վարդանյանը համաներման հիմքով ազատ արձակվեց։ Հենց այս հիմքերի առկայությունն էլ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Վարդանյանը քրեական հետապնդումից ազատվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքով երկու պայմաններ բավարարելու հիման վրա։

Դրանցից առաջինը Արամ Վարդանյանի՝ մինչև երեք տարեկան երեխա ունենալն է, իսկ երկրորդը՝ գործը արագացված դատաքննության կարգով նշանակելն ու վեց տարի ժամկետից պակաս ազատազրկման նշանակումը։

Քրեական հեղինակության՝ համաներումից օգտվելու այս երկու հիմքերն էլ, սակայն, թերի են եղել։ Թերությունները չեն նկատել գործով նշանակված դատախազն ու դատավորը։
Մասնավորապես՝ Վարդանյանը համաներման նախագծի հրապարակումից հետո հայրական իրավունք ճանաչելու մասին տեղեկանք է ներկայացրել դատարանին՝ այդ հիմքով քրեական հետապնդումից ազատվելու համար։

Ըստ ՍիվիլՆեթի տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ուղղակի չէր կարող նման տեղեկանք ստանալ, քանի որ դեռ անցյալ տարվա օգոստոսին երեխայի հայրությունը ճանաչվել է մեկ այլ անձի կողմից: Իրավապահների մոտ կասկածներ է հարուցել նաև այն հանգամանքը, որ Վարդանյանը երեխայի հայրությունը ճանաչել է համաներման նախագծի հրապարակումից հետո։

Արամ Վարդանյանին հայրության իրավունքը հավաստող տեղեկանք տրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Աննա Մկրտչյանի կողմից։ (Աննա Մկրտչյանը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մայրն է)։

Շարունակությունը՝ civilnet.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն