Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ըստ տեղական բժշկական աղբյուրների՝ մայիսի 26-ի  լուսաբացից ի վեր զոհվել է 55 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

36 մարդ զոհվել է, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի ալ-Դարաջ թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։

19 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի բնակելի շինության վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով։ 

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հարված է հասցվել ավելի քան 200 թիրախի։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է Գազա քաղաքի դպրոցին հասցված հարվածի մասին՝ նշելով, որ շենքում գործում էր ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական կենտրոն։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում ընթացող ռազմական գործողությունները բնութագրել է «դժվար» և ընդունել, որ բախվում է մարտահրավերների։ 

«Մենք գտնվում ենք դժվարին մարտի գագաթնակետին, որում կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք պատանդներին», – նշել  է նա։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 939 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 797-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով