azatutyun.am: «Ես Իրանին գործարք կնքելու հնարավորություն էի տվել։ Ես նրանց ամենավճռական ձևով ասացի՝ «միայն արեք», – այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա հավելել է, որ չնայած ջանքերին, Թեհրանը չհետևեց իր խոսքերին։
«Կոշտ գծի որոշ իրանցի աջակիցներն առույգ տեսք ունեին, բայց պարզապես չգիտեին՝ ինչ է իրենց սպասվում։ Նրանք բոլորը մահացած են, և էլ ավելի վատ կլինի», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը առանց մանրամասների։
Շարունակելով նախագահ Թրամփը փաստել է՝ շատ մահեր, ավերածություններ են եղել, «բայց դեռ ժամանակ կա՝ վերջ դնելու այս կոտորածին»։
Վաշինգտոնն ու Թեհրանն անցած շաբաթներին բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, համաձայնության, սակայն, կողմերը չեն հասել։ Թրամփի վարչակազմը Իրանից պահանջում է ամբողջովին հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Թեհրանը պնդում է, որ ուրանը հարստացնում է բացառապես քաղաքացիական նպատակներով՝ մերժելով ամերիկյան կողմի պահանջը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։
Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։