Հայաստանի տնտեսության վրա Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ներկայիս թեժացման ազդեցությունը մեծապես կախված է ընթացիկ սրացման աստիճանից և տևողությունից: Հունիսի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հնարավոր են տարբեր զարգացումներ: Բնականաբար, մեր բյուջետային փաստաթղթերում դիտարկում և գնահատում ենք նաև ռիսկային սցենարները: Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5.1-ի փոխարեն լինել 1.3 տոկոս:
Ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, ապա ասեմ, որ կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնց ազդեցությունը կարող է դրական լինել: Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո միանգամից վատթարացման սցենարներ էինք դիտարկում, բայց իրականությունը մի փոքր այլ կերպ եղավ, և ունեցանք ավելի դրական զարգացումներ: Հիմա էլ չենք շտապում եզրակացություններ անել: Մեր անելիքները մնում են նույնը: Իհարկե, մեր գործընկերները, նաև էկոնոմիկայի նախարարությունում, վստահ եմ, զբաղվում են ստեղծված իրավիճակում Իրանի միջոցով իրականացվող լոգիստիկ մատակարարման հարցերի կազմակերպմամբ: Անմիջականորեն ներգրավված չեմ այդ աշխատանքներում»,- նշեց ֆինանսների նախարարը:
Նա ընդգծեց, որ ազդեցության գործոնները բազմաթիվ են, ուստի պետք է հետևել զարգացումներին և հասկանալ, թե ինչ քայլեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել՝ մեղմելու հնարավոր ազդեցությունը: