ՊՆ-ն գաղտնի է պահում նախարարի խորհրդականների մասին տեղեկատվությունը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդականների ինքնությունը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք։ Մայիսի 8-ին Սիվիլնեթը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել պաշտպանության նախարարի հաստիքային և արտահաստիքային խորհրդականների ցանկն ու վերջիններիս նշանակման ժամկետները։

Մայիսի 23-ին ՊՆ-ն, վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը (9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը), մերժել է տրամադրել հայցված տեղեկատվությունը։ Օրենքը, սակայն, չի նախատեսում, որ ՊՆ խորհրդականների թիվը կարող է գաղտնիք լինել։ Օրենքի այդ կետը սահմանում է, որ «ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ ԶՈՒ միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին» տեղեկությունը գաղտնիք է։

ՊՆ-ն հղում է կատարել նաև կառավարության 1998 թ․ որոշմանը (173 որոշման 8-րդ կետ), որտեղ ևս խոսվում է զորքերի տեղաբաշխման, կազմակերպչական կառուցվածքի, թվաքանակի մասին ու որևէ կետով չի արգելվում ՊՆ խորհրդականների մասին տեղեկատվության տրամադրումը։

Ովքեր են պաշտպանության նախարարի խորհրդականները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականների ցանկում ուշագրավ անուններ կան։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ամիսներ առաջ նախարարի խորհրդական է նշանակվել Դավիթ Գալստյանը՝ Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր։ Այս ընկերությունը Հայաստանում պետք է կազմակերպեր «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն։ Մինչ այդ Գալստյանը հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Ուկրաինայի՝ արդեն նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ Գալստյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելին՝ civilnet.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն