civilnet.am: Ցանկացած գործողություն, որը կվերաբերվի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ վարչապետի հայտարարություններին:
«Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն հանգամանքների դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել», – ասել է Գրիգորյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները հստակ նկարագրում են այն դեպքերը, երբ պետությունը կարող է միջամտել այս ոլորտում։
«Մեր գործողությունները՝ լինի դա կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են օրենքով և Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։ Եթե ուզում եք ծանոթանալ հնարավոր սցենարներին, առաջարկում եմ թերթել էներգետիկայի մասին օրենքը։ Այնտեղ կան բոլոր անհրաժեշտ դրույթները», – հավելել է նա։
Փոխվարչապետը չի ցանկացել հավելյալ մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով հարցի զգայուն բնույթը։ «Այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, որը կարգավորվում է հստակ օրենսդրությամբ», – ամփոփել է Մհեր Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է և շատ շուտով գործընթացը գործնական փուլ կմտնի։
ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։