armenpress.am: Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի կողմից։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերը։
«Կարծում եմ՝ հանդիպման ժամանակ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիներն ավելի բարելավել։ Իսկ Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3, եթե ոչ 3.5 սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-ընդգծել է Վահան Կոստանյանը։
Վերջինս նաև մանրամասնել է, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը իր առաջարկներով կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացմանը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը՝ խոսելով «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ թուրքական կողմի արձագանքի մասին։