Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հարգարժա՛ն գործընկերներ,

Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Վինկլերին բանաձեւի վրա նվիրված աշխատանքի եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու խաղաղության հեռանկարներին տված ուշադրության համար:

Մեր վերջին հանդիպումից հետո մենք, իսկապես, նշանակալի առաջընթաց ենք գրանցել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ամբողջությամբ ավարտվել են, եւ մենք այժմ գտնվում ենք համաձայնագրի ստորագրման քննարկման փուլում: Հայաստանը հրապարակայնորեն հայտնել է իր պատրաստակամությունը ստորագրել այս համաձայնագիրը:

Սա պարզապես քաղաքական զարգացում չէ, սա շրջադարձային պահ է:

Տարածաշրջանը երկար տարիներ ընկալվել է որպես հակամարտությունների եւ առճակատումների գոտի: Այսօր մենք հնարավորություն ունենք փոխելու այդ պատկերն ու ցույց տալու, որ նույնիսկ տասնամյակներ տեւած հակամարտություններից հետո ազգերը կարող են ընտրել խաղաղությունը՝ երկխոսության միջոցով:

Մենք համոզված ենք, որ այս քայլով կարող ենք հստակ ուղերձ հղել. խաղաղությունը հնարավոր է, եւ այն կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի եւ փոխադարձ ըմբռնման շնորհիվ:

Մենք կարող ենք դառնալ դրական օրինակ աշխարհի համար. օրինակ այն մասին, թե ինչպես կարող են դժվար պատմություն ունեցող երկրներն առաջ նայել՝ չմնալով անցյալի գերության մեջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտական խաղաղությունը հնարավորություն կտա երկու երկրներին զարգանալ որպես տրանսպորտային եւ կապի հանգույցներ, ստեղծել առեւտրային, էներգետիկ եւ մարդկանց միջեւ կապերի կամուրջներ եւ դառնալ օրինակ այն աշխարհում, որտեղ, ցավոք, երբեմն պատերազմն ավելի հեշտ ընտրություն է թվում, քան դիվանագիտությունը:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն խրախուսել եւ աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ անցնելու համաձայնագրի ստորագրման փուլին:

Սա սպասելու պահ չէ, սա գործելու պահ է, եւ ձեր աջակցությունը կարող է որոշիչ դեր ունենալ այս պատմական քայլն իրականացնելու ճանապարհին:

Գործընկերնե՛ր,

Եկեք այս պահը վերածենք ուղենշային մի պահի ոչ միայն մեր, այլ նաեւ գալիք սերունդների համար:

Շնորհակալություն»,- ավարտել է ելույթը հայ պատվիրակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն