ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր համար պարզ է, թե ինչպես է լինելու քվեարկությունը, դրա համար չի մասնակցելու նիստին, որտեղ քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը:
«Արդեն ամեն ինչ որոշված է, հստակ է, կալանավորման որոշումն էլ կա: Ես այս թանկ ժամանակը որոշել եմ՝ իմ 4 անչափահաս երեխաների և իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին:
Նախագահող Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «հասկանալի են» հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները, ինչին Սարգսյանը արձագանքեց «նամուս-թասիբ»-ի վերաբերյալ մեկնաբանություններով, որից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև:
Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ընդմիջման ընթացքում ուղիղ եթեր է հեռարձակել, որում երևում է, թե ինչպես են ՊՊԾ տասնյակ աշխատակիցներ հանդարտեցնում ԱԺ-ում սկսված քաշքշուկը:
Ապա, ինչպես երևում է տեսանյութում, ընդդմիադիր պատգամավորները ԱԺ դահլիճում նկատում են քաղաքացիական հագուստով անծանոթ անձի, որը չի պատասխանում նրանց հարցերին, թե ով է, և լքում է դահլիճը: Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ նա ՔՊ պատգամավորների օգնականներից է: Քրիստինե Վարդանյանի խոսքով նա եկել էր դահլիճ Արթուր Սարգսյանի հետ քաշքշուկին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազն ԱԺ-ում երեկ ներկայացրել է պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Դատախազի ներկայացրած միջնորդագիրը վերաբերում է ՔԿ-ի ավելի վաղ հայտարարությանը, ըստ որի՝ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։