armenpress.am «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանն այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Ինձ զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի՝ դրա համար ներկայացել եմ։ Մնացածը, կարծում եմ, երբ խորությամբ ծանոթանանք, այն ժամանակ առիթ կլինի զրուցել այս հարցում»,– նշել է Օհանյանը։
Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերագրվում է մի շարք հանցավոր արարքների կատարում՝ կապված «Սևան» ազգային պարկի տարածքում պետական հողատարածքի ապօրինի զավթման, առանձնատան կառուցման, գույքի չհայտարարագրման և կաշառքի դիմաց շինարարական կազմակերպություններին առավելություններ տրամադրելու հետ։ Քննությամբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարար եղած տարիներին, առանց իրավական հիմքերի տիրապետել է ավելի քան 1 հա պետական հողատարածքի, որի վրա կառուցվել է առանձնատուն։ Այնուհետև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նա կազմակերպել է տարածքի օրինականացումը՝ հողամասը փոխանցելով իր հետ փոխկապակցված անձի անվամբ։ Ըստ մեղադրանքի՝ այդ գործընթացում ներգրավվել են նաև ՊՆ ենթակա ստորաբաժանումներ և շինարարական ընկերություններ, որոնցից մեկը, ըստ ՔԿ հաղորդման, կատարված աշխատանքի դիմաց չվճարված գումարը դիտարկել է որպես կաշառք։ Սեյրան Օհանյանին առաջադրվելու են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում (հետագա ծանր հետևանքներով), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ, ապօրինի ծագում ունեցող գույքը օրինականացնել և հայտարարագրման ենթակա գույքի թաքցնում։