armenpress.am «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։ Մինասյանն այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ինչպես Ազգային ժողովում ներկայացվել է, նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Արդեն ԱԺ-ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարան գնալու ենք»,- ասել է նա։
Մինասյանը նաև տեղեկացրել է, որ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
Ըստ ներկայացված փաստերի՝ վերջինս 2016-2018 թթ. Բնապահպանության նախարարի պաշտոնում իր լիազորությունները չարաշահելով՝ խոչընդոտել է իրավական ընթացակարգերով ապօրինի զավթված հողատարածքի առգրավմանը, ընդհակառակը՝ մասնակցել է դրա օրինականացման գործընթացին։
Քննությունը բացահայտել է, որ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ նշված տարածքում ինքնակամ կառուցվել է առանձնատուն՝ Սեյրան Օհանյանի համար, սակայն պաշտոնապես մրցույթ է կազմակերպել տարածքը կառուցապատման իրավունքով փոխանցելու համար՝ ի վերջո ապահովելով նրա շահերը ներկայացնող անձի հաղթանակը։
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։