azatutyun.am։ Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Արդշինբանկ»-ը հավակնում է ձեռք բերել Մալթայի HSBC բանկը, այդ մասին հայտնում է Times of Malta լրատվականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Լրատվականը շեշտում է, որ Մալթայի HSBC-ն, որ երկրի բանկային համակարգի ամենամեծ խաղացողներից է, կարող է անցնել «Ռուսաստանի հետ նախկինում կապեր ունեցող հայ գործարարի»՝ նկատի ունենալով «Արդշինբանկ»-ի սեփականատեր Կարեն Սաֆարյանին։ Լրատվականի փոխանցմամբ՝ բացի «Արդշինբանկ»-ը, արևելաեվրոպական մեկ այլ ֆինանսական կառույց էլ է պայքարում մալթայական բանկի բաժնետոմսերի համար։
Թեպետ «Արդշինբանկ»-ին հեղինակավոր ֆինանսական գործակալությունները շնորհել են կայուն վարկանիշ, այնուհանդերձ սեփականատիրոջ ունեցած ռուսական կապերը մտահոգություններ են առաջացրել գործարքի այլ կողմերի մոտ։
«HSBC Malta-ի վերջնական ձեռքբերողը կանաչ լույս պիտի ստանա HSBC-ի ղեկավար կազմի, Եվրոպական կենտրոնական բանկի և Մալթայի ֆինանսական կարգավորող մարմնի կողմից։ «Արդշինբանկ»-ի առաջարկը խոչընդոտների չի հանդիպի HSBC-ի կողմից, հաշվի առնելով, որ բանկին հաջողվեց հաստատումներ ստանալ ու ձեռք բերել հայաստանյան HSBC-ն, այնուհանդերձ, դեռ պարզ չէ՝ ինչպես են մյուս կարգավորող մարմինները արձագանքելու հայկական բանկի առաջարկին», – նշված է մալթայական լրատվամիջոցի հոդվածում։
Հունգարական OTP բանկը ևս ցանկացել է ձեռք բերել HSBC Malta-ն, բայց գործարքը տապալվել է՝ OTP-ի գործադիր տնօրենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր կապերի, ինչպես նաև OTP-ի՝ Ռուսաստանում գործունեության պատճառով։
«Արդշինբանկ»-ի սեփականատերը Կարեն Սաֆարյանն է, ով, ըստ լրատվականի, աշխատանքային ու անձնական ջերմ հարաբերություններ է ունեցել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, գործող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Times of Malta-ն հիշեցնում է, որ Սաֆարյանը 90-ականներից տասնյակ բիզնեսներ է ունեցել Ռուսաստանում, նաև բարձր պաշտոն է զբաղեցրել «Ռոսավիասպեցկոմպլեկտ» ընկերությունում, որը զբաղվել է ինքնաթիռների բաղադրիչների արտադրությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում