Սոնա Մնացականյանի վրաերթի գործը՝ թվերով. ուշացող արդարադատություն՝ միջնորդությունների եվ ծանրաբեռնվածության արանքում
2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով շուրջ 3 տարի անց հիմնական դատալսումներն ավարտվեցին։ Դրանից առաջ՝ նախորդ 1 տարում, Երեւանի քրեական դատարանը դատաքննության լրացման փուլում էր․ պաշտպանական կողմը շարունակ հանդես էր գալիս նոր միջնորդություններով, տուժող կողմը՝ առարկում դրանց դեմ։
Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցը հատում էր կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանմուշներով, երբ վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան հարվածեց նրան։ Շարասյունն առաջնորդում էր «Ճանապարհային ոստիկանության» ուղեկցող սպայական վաշտի դասակի հրամանատար, Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը։
Նա այժմ մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, ինչպես նաեւ պատահարի վայրը թողնելու համար եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման համար արդյո՞ք միայն վարորդն է պատասխանատու, թե՞ պիտի լինեն այլ պատասխանատու պաշտոնյաներ եւս։ Ի՞նչ կարգ էր սահմանված, եւ ինչպե՞ս է Կառավարությունը փոփոխել այդ կարգը պատահարից հետո։ Ի՞նչ պատճառներով է ձգձգվել գործի քննությունը կամ ձգձգվե՞լ է արդյոք՝ համանման այլ գործերի համեմատությամբ։ Ինչպիսի՞ն է եղել գործը քննող դատավորի ծանրաբեռնվածությունն այս ընթացքում, եւ ի՞նչ հաճախականությամբ է վերջինս նշանակել նիստեր Սոնա Մնացականյանի եւ հանրային հնչեղություն ստացած այլ գործերով։
«Ինֆոքոմն» ամփոփել է դատաքննության ընթացքը՝ փորձելով գտնել այս հարցերի պատասխանները։
Դատաքննությունը ձգձգվել է.
օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառներ
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Սոնային ծանոթ ու անծանոթ բազմաթիվ քաղաքացիներ նրա մահվան տարելիցին հավաքվել էին Լեո-Պարոնյան խաչմերուկում՝ ի հիշատակ նրա ծաղիկներ խոնարհելու եւ պահանջելու արդարադատություն։
«Եթե մենք հետեւենք դատական պրոցեսներին, ձգձգելու միտում կնկատենք․ նախորդ տարվա ընթացքում 3 նիստ է կայացել, մոտավորապես՝ 5-6 ամիս ընդմիջումով»,- լրագրողների հետ զրույցում նշել էր «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»-ի իրավապաշտպան Մարիամ Կանայանը։
Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն էլ ընդգծել էր՝ հանրային հնչեղություն ներկայացնող գործերով Արդարադատության նախարարությունը միշտ գնում է դատավորների հետեւից, եթե նիստերի պարբերականությունն իրենց դուր չի գալիս, իսկ այս դեպքում կարծես դիտորդի կարգավիճակով միայն լուռ հետեւում է։
Նահապետյանի դիտարկումը վերաբերում է գործերի ողջամիտ ժամկետում քննության խախտման հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։
Որպես այդպիսին, հստակ ժամկետ գոյություն չունի, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը սահմանել է ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործի բարդության աստիճանի։ Դրա համաձայն՝ նույնիսկ «առանձնակի բարդության» գործերը ենթակա են քննության առավելագույնը 2 տարում։ Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստանի ծանրաբեռնված դատական համակարգի պայմաններում անգամ «առանձնակի բարդության» չորակվող գործերն են տեւում ավելին, քան 2 տարին, եւ այդ բոլոր դեպքերին իրավական գործընթաց չի հաջորդում։ Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը մեր զրույցում սա բացատրել է նրանով, որ ԲԴԽ-ն սահմանել է ոչ իրատեսական ժամկետներ, որն էլ որպես գործիք է օգտագործվում դատավորներին թիրախավորված կերպով՝ ըստ նպատակահարմարության «պատժելու» համար։
Ուսումնասիրելով Սոնա Մնացականյանի վրաերթի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանի ծանրաբեռնվածությունը՝ ստացել ենք հետեւյալ պատկերը. Սոնա Մնացականյանի գործով նշանակվող նիստերի հաճախականությունը այս տարիների ընթացքում պարբերաբար փոփոխվել է․ եթե առաջին տարում նիստերի միջին ամսական քանակը 1 է, 2023-ին այն դարձել է է 0․83, 2024-ին՝ 0․5 և միայն այս տարի՝ 2025-ին՝ վերջին ամսում նշանակված երկու նիստերի շնորհիվ կրկին աճել՝ հասնելով 0․83-ի։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ նշանակված նիստերի քանակը կարող է չհամընկնել փաստացի կայացած նիստերին։
Օրինակ՝ նախորդ տարի՝ 2024 թ-ին, նշանակվել է 6 նիստ, որոնք, ըստ դատական տեղեկատվական համակարգի, կայացել են։ Սակայն ինչպես փաստում է իրավապաշտպան Կանայանը, նաեւ՝ Սոնայի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը, նախորդ տարի փաստացի կայացել է միայն 3 նիստ (որպես կանոն, դատավորները նիստը բացելը եւ որեւէ պատճառով հետաձգելը համակարգում նշում են կայացած, սակայն հասկանալի է, որ դա ըստ էության կայացած նիստ չի կարող համարվել)։
Հարկ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ նիստերի հաճախականությունը նվազել է դատավորի ծանրաբեռնվածության աճին զուգահեռ․ եթե 2022-ին՝ Սոնա Մնացականյանի գործը ստանալու տարում, նրա վարույթում եղել է 263 գործ, 2023-ին այն դարձել է 283, 2024-ին՝ 315։ Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված դատավորը երեք տարում էլ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ իր անունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու համար։ Խորհուրդը բավարարել է այս դիմումները (1, 2, 3, 4)
Համեմատության համար ուսումնասիրել ենք նույն հոդվածների՝ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու (242) եւ դեպքի վայրը թողնելու (244) համաժամանակյա առկայությամբ այլ դատավորների քննած գործերի ժամկետները։ Որպես չափանիշ ենք վերցրել այն, որ մեղադրյալը գտնվի ազատության մեջ (ընտրված է եղել անազատության հետ չկապված խափանման միջոց՝ ստորագրություն, գրավ), եւ գործերը քննված լինեն ընդհանուր, այլ ոչ թե արագացված կարգով (համաձայնեցման վարույթ)։
Արդյունքում, դատական տեղեկատվական համակարգից հնարավոր է եղել դուրս բերել 2020-2022 թթ-ին քննված և ավարտված այդպիսի 6 քրեական գործ՝ 3-ը՝ Երեւանից, 3-ը՝ մարզերից։ 6-ի դեպքում էլ դատավորները քննությունն ավարտել են ավելի վաղ, քան Սոնա Մնացականյանի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Ուսումնասիրել ենք նաեւ նույն ժամանակահատվածում դատավոր Կարեն Ֆարխոյանի քննած հանրային հնչեղություն ունեցող այլ գործեր՝ որպես դասակարգիչ ընտրելով մեղադրյալի անձը։ Այդպիսով փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք անձի հասարակական-քաղաքական գործունեությունը կարող է ազդեցություն ունենալ գործի արագ կամ դանդաղ քննության վրա։
Ըստ այդմ, դիտարկել ենք, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի (դատարանում է 2019 թ․-ի հոկտեմբերից), Պողոս Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող Աղամալ Հարությունյանի (դատարանում է 2021 թ․-փետրվարից), ազգությամբ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի (դատարանում է 2021 թ․-ի օգոստոսից), «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի (դատարանում է 2021 թ․- նոյեմբերից), «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի (դատարանում է 2022 թ․-ի հոկտեմբերից), դաշնակցական Գերասիմ Վարդանյանի (դատարանում է 2022 թ․-ի հոկտեմբերից) եւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գործերը (դատարանում է 2024 թ․-ի փետրվարից)։
Ստացված պատկերը ցույց է տալիս, որ Սոնա Մնացականյանի գործի մեկնարկին հաջորդող տարիներին եղել է որոշակի միտում․ նրա գործով նիստերի հաճախականությունն աստիճանաբար նվազել է, մինչդեռ հասարակական-քաղաքական գործիչների ներգրավվածությամբ կամ մեծ հնչեղությամբ մյուս գործերով հիմնականում կամ չի նվազել, կամ որոշ դեպքերում նույնիսկ աճել է։ Միայն այս տարվա առաջին եռամսյակից սկսած է այս իրավիճակը որոշակի փոփոխության ենթարկվել․ նիստերը սկսել են ավելի հաճախակի նշանակվել։
Ընդհանուր առմամբ՝ կողմերը դժգոհ են գործի քննությունից
Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մեր զրույցում չի բացառում, որ ընդդիմադիր գործիչներին վերաբերող՝ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը ավելի արագ քննվեն, բայց եւ նշում է՝ նույն դատավորի մոտ ունի 3 այլ գործեր, եւ դատական նիստերի նշանակման հաճախականությունը նույնն է․ նիստերի միջեւ տեւական ընդմիջումները պայմանավորված են դատավորի ծանրաբեռնվածությամբ։
Միաժամանակ, սակայն, հարկ է նշել, որ տուժող կողմը, ըստ Ասլանյանի, տպավորություն է ունեցել, որ ի սկզբանե պլանավորված նպատակ է այն, որ լրանան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները (տվյալ դեպքում՝ 5 տարի)․
«Պաշտպանական կողմը անընդհատ հանդես Էր գալիս դատաքննությունը լրացնելու բազմաթիվ միջնորդություններով, իսկ դա կալանքի տակ գտնվող մեղադրյալի դեպքում անհնարին կլիներ․․․ Ոչ թե քաղաքական կամքի բացակայություն Է, այլ դատավարական կամքի բացակայություն, ինչի վրա ազդեցություն ունի քաղաքական երեւույթը, թեեւ այս գործերը չպետք է կապ ունենան քաղաքականության հետ»։
Րաֆֆի Ասլանյան
Դժգոհություն է հայտնում նաեւ պաշտպանական կողմը․ ըստ մեղադրյալի պաշտպան Ռուբեն Բալոյանի՝ դատարանը անարդար քննություն է կատարել՝ շարունակ մերժելով դատաքննությունը լրացնելու իր միջնորդությունները։
Գլխավոր միջնորդությունը, որ պաշտպանը ներկայացրել էր դատաքննության լրացման փուլում, կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին էր։ Նպատակը Արամ Նավասարդյանի մեքենայի արագությունը կրկին պարզելն էր։ Ըստ սահմանված կարգի՝ այն չպետք է գերազանցի քաղաքներում և բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը, իսկ բնակչության մասնակցությամբ դիմավորելու և ճանապարհելու դեպքում պետք է լինի 35-50 կմ/ժ սահմաններում: Արամ Նավասարդյանի մեքենայի արագությունը, համաձայն արդեն իսկ կատարված փորձաքննության եզրակացության, եղել է 108․7 կմ/ժ։ Այս եզրակացությունն է, որ պաշտպանական կողմը կեղծ է որակում․
«Փորձագետը հանել է մի կադր, որը էական նշանակություն ունի այս գործի համար։ Այդ կադրը հանելով՝ Արամ Նավասարդյանի արագությունը դարձել է 107 կմ/ժ։ Եթե մենք այդ կադրը հետ ենք բերում, Արամ Նավասարդյանի արագությունը դառնում է 72 կմ/ժ, եւ դրանով փլուզվում է առաջադրված մեղադրանքը»։
Ռուբեն Բալոյան
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը փոփոխվել է
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման կարգը սահմանված է ՀՀ Կառավարության՝ 2006 թ․-ի համապատասխան որոշմամբ։
Ըստ դրա՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման ժամանակ պետական պահպանության ծառայության պետի հրամանով նշանակվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար, որը համակարգում եւ ղեկավարում է ուղեկցման ժամանակ ծառայության մեջ ներգրավված ուժերի և միջոցների համագործակցված աշխատանքը: Միաժամանակ նշանակվում է շարասյան ղեկավար (ուղեկցող խմբի ավագ), որը, ի թիվս այլնի, ելնելով ստեղծված իրադրությունից եւ շարասյան ղեկավարության ցուցումներից, իրականացնում է էսկորտի ղեկավարումը՝ համաձայնեցնելով պահպանության ծառայության պատասխանատու ղեկավարի հետ:
Որոշմամբ սահմանված է նաեւ, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման վերաբերյալ կապի միջոցներով տրված հանձնարարականներն արձանագրվում եւ ձայնագրվում են ոստիկանության մարմինների պետավտոտեսչության հերթապահ մասերում: Տվյալ դեպքում, սակայն, այդ այդ ձայնագրությունը բացակայում է․ ըստ ոստիկանության պաշտոնական պատասխանի՝ տեխնիկական խոտանի պատճառով։
«Ողջ նախաքննությունն իրականացվել է կանխակալ, եւ ամենամեծ խնդիրը ավտոմեքենաների միջեւ ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումն է, որը ուներ կարեւոր նշանակություն։ Կառավարության որոշմամբ՝ այդ ավտոմեքենաներում ռադիոկապը պետք է պարտադիր ձայնագրվեր, բայց այսօր այն չկա, ինչը դժվարություններ է ստեղծում շարասյան ղեկավար կազմի արարքների քրեիրավական որակման տեսանկյունից, թեեւ այդ մասով քննությունն էլ որակով չի իրականացվել․ 2 տարվա ընթացքում քննիչը ոչինչ չի արել, այս քրեական գործը պատճենել է, դրել այդ քրեական գործի մեջ եւ իրականացրել է ընդամենը 1 զննություն»։
Րաֆֆի Ասլանյան
2022-ին ուժի մեջ եղած կարգի համաձայն՝ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) կրում են անձնական պատասխանատվություն երթևեկության սահմանված արագության պահպանման համար: Սա է պատճառը, որ տուժող կողմը առ այսօր դատական կարգով պայքարում է շարասյան ղեկավարությանը եւս պատասխանատվության դաշտ բերելու համար։ Դատախազությունը, սակայն, համակարծիք չէ Ասլանյանի հետ, պնդում է՝ առկա է օրենսդրական բաց, որի պայմաններում ղեկավարության գործողություններին գնահատական տալ հնարավոր չէ։
«[Կառավարության] որոշումը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի պահանջ՝ երթևեկության սահմանված արագության պահպանման համար՝ առանց սահմանելու այն իրագործելու հստակ մեխանիզմները, այսինքն՝ չկա օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով կանոնակարգված այնպիսի նորմ, որը կսահմանի անձանց վրա դրված պարտականության իրականացման կառուցակարգը։ Մինչդեռ անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Հետեւաբար, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ հիշյալ պարտականության իրականացման կարգը, որպիսի պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և պատասխանատու անձանց արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից»։
Գլխավոր դատախազություն
Պաշտոնապես այս դիրքորոշումն արտահայտելուց հետո այդ ժամանակվա Գլխավոր դատախազը գրությամբ դիմել է Կառավարությանը՝ բարձրացրած խնդրի շուրջ իրավական որոշակիություն ապահովելու համար։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք՝ 2023 թ․-ի մայիսին՝ դեպքից մեկ տարի անց, Կառավարությունը փոփոխել է իր այս որոշումը՝ որոշակիություն ապահովելու փոխարեն պարզապես հանելով ղեկավար կազմի պատասխանատվության կետը եւ սահմանելով, որ երթևեկության անվտանգության, այդ թվում՝ սահմանված արագության պահպանման համար, պատասխանատու են միայն ներգրավված ավտոմոբիլների եւ մոտոցիկլետների վարորդները։
Տուժող կողմի հետ համաձայն չէ նաեւ պաշտպանական կողմը․ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը ձայնագրության բացակայությունը խնդիր չի համարում։
«Այդ ձայնագրությունը գործի համար որեւէ նշանակություն չունի։ Արամ Նավասարդյանի ղեկավարը պիտի ասեր՝ գնա, վրաերթի ենթարկի՞ աղջկան․․․ Ես հասկանում եմ, որ էս գործը պատվեր է որոշ մարդկանց կողմից, որ Արամ Նավասարդյանը դատապարտվի։ Բայց մենք փորձելու ենք համոզել, որ դատավարությունը սխալ է ընթանում, եւ դատարանը պարտավոր էր նշանակել կրկնակի փորձաքննություն»։
Ռուբեն Բալոյան
Նշենք, որ երբ դատարանը հետազոտում է գործում առկա բոլոր ապացույցները եւ լուծում է կողմերի միջնորդությունները՝ նոր ապացույցներ ձեռք բերելու կամ հետազոտվածները անթույլատրելի ճանաչելու մասին, հայտարարվում է հիմնական լսումների ավարտ, ինչից հետո սկսվում է եզրափակիչ ելույթների՝ այսպես կոչված, ճառերի փուլը։ Սկզբում եզրափակիչ ելույթով հանդես է գալիս հանրային մեղադրողը, ապա՝ մեղադրանքի կողմի մյուս ներկայացուցիչները (տուժողը, տուժողի իրավահաջորդը, նրանց ներկայացուցիչը): Դրանից հետո եզրափակիչ ելույթով հանդես են գալիս պաշտպանության կողմի ներկայացուցիչները, եւ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու։