ՀՀ արդարադատության նախարարը հիվանդանոցում տեսակցել է կալանավորված մոր 8 ամսական երեխային

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հուլիսի 16-ին այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական երեխային, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

«Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: Սիրելիներ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նշված հատվածում առկա է նաև խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով: Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջևի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում:Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։

Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը»,- գրել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով