Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվեց | azatutyun.am

azatutyun.am։ Անցած ուրբաթ կալանավորված երեք անչափահասների մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխվեց վարչական հսկողության ու բացակայության արգելքի խափանման միջոցներով:

Մեղադրող դատախազը չառարկեց Լիանա Հարությունյանի խափանման միջոցի փոփոխությանը՝ հայտարարելով, թե հաշվի են առնում երեխայի լավագույն շահը:

Դատավոր Արշակ Մաթևոսյանը հայտարարեց, թե որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ Հարությունյանն իր խնամքին երեք անչափահաս երեխա ունի: Ըստ դատավորի՝ որոշման վրա էական ազդեցություն է ունեցել նաև այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Դատավորը նաև որոշեց վարույթից հեռացնել Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանին՝ հարգելի չհամարելով նիստից նրա բացակայությունը: Մաթևոսյանը բացատրեց, թե պաշտպանը նախորդ նիստին արդեն իսկ ծանուցվել էր նիստի մասին: Փոստանջյանի նկատմամբ ավելի վաղ դատարանը 6 սանկցիա էր կիրառել՝ 2 իրավունքի սահմանափակում, 3 նկատողություն և 1 տուգանք:

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ կալանքը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով