Էրդողանն Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել armenpress.am

armenpress.am    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն՝ հայտարարելով, որ Անկարան թույլ չի տա հարևան Սիրիայի մասնատումը։

Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը։

Էրդողանը նշել է, որ «Իսրայելն ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենքն ու սկզբունքները»։

«Դրուզների հետ կապված իրավիճակի պատրվակով Իսրայելը վերջին երկու օրերի ընթացքում իր հանցավոր գործողությունները տեղափոխել է հարևան Սիրիա։ Իսրայելի ագրեսիան այսօր մեր տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է։ Նրանք, ովքեր հետևում են Իսրայելի օրինակին, վաղ թե ուշ կհասկանան, որ սխալ են հաշվարկել։ Ինչպես մենք երեկ թույլ չտվեցինք Սիրիայի մասնատումն, այնպես էլ այսօր կամ վաղը թույլ չենք տա դա։ Մեր հիմնարար քաղաքականությունն է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հավելել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել է, թե ինչ կարելի է անել արյունահեղությունը դադարեցնելու համար:

«Մեր համապատասխան կառույցները կապի մեջ են Սիրիայի հետ: Իսրայելը կրկին ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղաղություն և կայունություն ո՛չ Գազայում, ո՛չ Սիրիայում: Մենք կշարունակենք աջակցել մեր սիրիացի եղբայրներին և քույրերին»,-ասել է նա։

Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թել Ավիվը կշարունակի Դամասկոսից հարավ գտնվող տարածքում ապառազմականացման իր քաղաքականությունը և թույլ չի տա, որ սիրիական իշխանություններն ու խմբավորումները վնասեն տեղի դրուզներին։

Օրեր առաջ Սիրիայի աս-Սուեյդա քաղաքում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումներ էին տեղի ունեցել։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ՝ անվտանգությունը պահպանելու և կայունությունը վերականգնելու համար։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։

Այնուհետև հայտնի դարձավ, որ Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ի առավոտյան բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ՝ 79 դրուզ զինյալ, 55 քաղաքացիական անձ, կառավարական ուժերի 189 զինվորական և 18 ցեղային զինյալ։ Բացի այդ, Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի ևս 15 զինվորական։

Ըստ Սիրիայի Պաշտպանության նախարարության՝ սիրիական բանակը հուլիսի 16-ի երեկոյան սկսել է դուրս գալ դրուզներով բնակեցված աս-Սուեյդա քաղաքից՝ բռնություններից տուժած քաղաքում կրակի դադարեցման նոր համաձայնության հայտարարումից մի քանի ժամ անց։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Իրանը, Քուվեյթը, Օմանը և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը և ՄԱԿ-ը դատապարտել են Իսրայելի կողմից սիրիական տարածքների վրա իրականացված հարձակումները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով