Դիմում ենք իրավասու մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը. Մայր Աթոռի հայտարարությունը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 20-ի հայտարարության հետ՝ կոչ անելով պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական  միջոցառումը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։

Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»,- ասված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter