Ալթայում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։
Համաժողովին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Հմբարձում Մաթևոսյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ շեշտելով, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային ոլորտի խոցելիությունը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Դրանք են..
- Ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում
- Ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր
- Ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ
- Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում, որը նպատակ ունի նվազեցնել ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերը և ապահովել հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործում
Նախարարը կարևորել է նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։
Համաժողովի ընթացքում նա շեշտել է միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) կարևորությունը՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։
Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը։