civilnet.am Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն աշխարհաքաղաքական սխեմա է, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից՝ ի վնաս Իրանի ազգային անվտանգության և ռազմավարական կապերի։ Վելայաթիի հայտարարությունը հրապարակել է իրանական Tasnim-ը։
Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ, նվիրված Շեյխ Սաֆի Ալ-Դին Արդաբիլու հիշատակին, Վելայաթին ասել է, որ Իրանի թշնամիները՝ մասնավորապես Իսրայելն ու ԱՄՆ-ը, նպատակ ունեն թուլացնել իրանական ինքնության հիմքերը՝ վնաս հասցնելով ազգային անվտանգությանը։
«Այս համատեքստում, «Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը հետապնդվում են որպես ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։ Գլխավոր նպատակն է թուլացնել դիմադրության առանցքը, խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել Իրանի և Ռուսաստանի վրա տարածաշրջանի հարավում»,- հայտարարել է Վելայաթին։
Նա ընդգծել է, որ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, և նշել, որ Իրանն ի սկզբանե հստակ և վճռականորեն դեմ է արտահայտվել նման նախագծերին (խմբ․ նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը), այդ թվում՝ զորք տեղակայելով սահմաններին և վարժանքներ անցկացնելով։
Վելայաթին շեշտել է, որ այս նախագիծը ոչ միայն ամերիկյան ռազմավարության մաս է՝ Ուկրաինայից ճնշումը Կովկաս տեղափոխելու նպատակով, այլև աջակցվում է ՆԱՏՕ-ի և որոշ պանթյուրքիստական շարժումների կողմից։
«Այսօր էլ թշնամին ձգտում է ներթափանցել Իրանի աշխարհաքաղաքական խորքը թվացյալ տնտեսական, բայց իրականում անջատողական նախագծերի քողի տակ»,- ասել է Վելայաթին։