Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարում առնվազն 10 հրշեջ է զոհվել | factor.am

factor.am  Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում բռնկված անտառային հրդեհի դեմ պայքարում 10 հրշեջ է զոհվել, ևս 14-ը՝ վիրավորվել, փոխանցում է Bianet-ը։

Հրդեհը բռնկվել է նախօրեին։ Մի քանի հրշեջներ նախ անհետ կորել էին հրդեհը մարելու աշխատանքների ընթացքում։ Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին ավելի ուշ հաստատել է զոհերի մասին տեղեկությունը՝ նշելով, որ զոհերից 5-ը անտառտնտեսության գլխավոր վարչության աշխատակիցներ են, մյուսները՝ AKUT որոնողական-փրկարարական կազմակերպության աշխատակիցներ։

Վերջին շաբաթներին Թուրքիան պայքարում է ուժեղ շոգի դեմ, որը, զուգորդված չորային և քամոտ եղանակային պայմանների հետ, խթանել է անտառային հրդեհների արագ տարածումը և բարդացրել մարման աշխատանքները։ Հրդեհներ են գրանցվել նաև Քարաբյուկում, Անթալիայում, Իզմիրում, Մանիսայում, Դենիզլիում և Էսքիշեհիրի այլ շրջաններում, որոնց մի քանիսը այժմ վերահսկողության տակ է։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ հուլիսի 4-ից 22-ը երկրի 15 նահանգներում բռնկվել է, ընդհանուր առմամբ, 61 անտառային հրդեհ։ Դեպքերի կապակցությամբ ձերբակալվել է 23 անձ։

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 20-ին Սաքարիայի Գեյվե շրջանի անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը, որը հետագայում տարածվել էր Բիլեջիկ և մեծ մասամբ մարվել, կրկին տարածվել է քամու պատճառով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև