factor.am Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած երրորդ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան «սկզբունքային համաձայնություն» են ձեռք բերել երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Այս մասին նախարարը նշել է ուրբաթ օրը՝ հուլիսի 25-ին, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև երրորդ բանակցային փուլը կայացել է Ստամբուլում հուլիսի 23-ին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես և ինչ պայմաններով պետք է հանդիպեն ղեկավարները։ Ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն՝ Թուրքիայում այդ գագաթնաժողովն անցկացնելու վերաբերյալ։ Բանակցային խմբերն այստեղ կարևոր դեր են խաղում»,- ասել է Ֆիդանը։ Նա չի նշել որևէ ժամկետ, թե երբ կարող է կայանալ նման գագաթնաժողով։
«Քանի դեռ այս հարցը ավելի հավասարակշռված ենք քննարկում, ես տեսնում եմ հանդիպման պատրաստակամություն։ Հավատում եմ, որ եթե նույն ոգով շարունակենք, հնարավոր կլինի ժամանակավոր լուծում գտնել։ Ոչ բոլորն են պատրաստ ընդունելու այս առաջարկը։ Մենք աշխատում ենք այդ պայմանները ստեղծելու վրա»,-հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ստամբուլում կայացած երրորդ բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ առաջարկել է Զելենսկու և Պուտինի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 24-ին այդ սցենարը անվանել է քիչ հավանական։ Նրա խոսքով, գագաթնաժողովը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ավարտին, երբ «կկատարվի ամբողջ աշխատանքը, որպեսզի այդ բանակցությունների ընթացքում ամրագրվեն մշակված մոտեցումները»։
Սակայն արդեն հուլիսի 25-ին հենց Զելենսկին հայտարարել է, որ «ռուսները ներկայումս մեր հետ խոսակցության մեջ սկսել են այդ մասին խոսել, ինչը որոշակի շարժ է հանդիպման ձևաչափի ուղղությամբ»։
Ի պատասխան՝ Պեսկովը կրկին ասել է, որ օգոստոսին գագաթնաժողով չի լինի, քանի որ «բարձր մակարդակի հանդիպումը կարող է և պետք է վերջակետ դնի կարգավորմանը»։