armenpress.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։
Սթարմերը նախարարներին հրավիրել է ամռանը հազվադեպ անցկացվող կաբինետի նիստի՝ քննարկելու համար Գազայում տիրող իրավիճակը։
«Իսրայելական կողմին հայտնել եմ, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, եթե Իսրայելի կառավարությունը էական քայլեր չձեռնարկի Գազայի սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չհասնի հրադադարի, հստակ չասի, որ Արևմտյան ափում անեքսիա չի լինի և չպարտավորվի երկարատև խաղաղության գործընթացի անցնել, ինչը կապահովի երկու պետությունների լուծումը»,- ասել է Սթարմերը։
Մեծ Բրիտանիան վաղուց աջակցում է Իսրայելի կողքին գոյություն ունեցող անկախ Պաղեստինյան պետության գաղափարին, սակայն հայտարարել է, որ ճանաչումը պետք է լինի հակամարտության երկու պետությունների միջև բանակցային լուծման շրջանակում։
Պաղեստինի պետականությունը պաշտոնապես ճանաչելու ճնշումը մեծացել է, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ իր երկիրը կդառնա առաջին խոշոր արևմտյան տերությունը, որը սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը։