ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները 2025թ․ հուլիսի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ առանց համապատասխան տաքսի ծառայության լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտաբերել են 4 տրանսպորտային միջոց, որոնք առանց համապատասխան տաքսի ծառայության լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ են իրականացրել։ Հայտնաբերված 4 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հիշեցնենք, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի՝ «Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով»։ Խոսքը վերաբերվում է առանց տաքսի կահավորման թեթև մարդատար ավտոմոբիլներին, իսկ եթե օգտվում են և կահավորված են որպես մարդատար տաքսի ավտոմոբիլ (առկա է տաքսի տարբերանշան), ապա նրանք ևս ենթակա են լիցենզավորման։