armenpress.am Հայաստանի վարկային շուկայում բարձր ակտիվությունը վերջին ամիսների տվյալներով պահպանվել է. Կենտրոնական բանկի սպասումների համեմատ՝ հիփոթեքային և շինարարության շուկաներում ակտիվությունը շատ ավելի բարձր է եղել:
Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:
«Բոլոր սպասումների համեմատ` շատ ավելի բարձր ակտիվություն է եղել: Սա վերաբերում է ոչ միայն հիփոթեքային շուկային, այլ նաև շինարարության բիզնես վարկերին, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակին: Հունիսին 20 հազարից ավելի գործարք է եղել, որը անգամ նախորդ տարիների շատ բարձր գործարքների քանակի պայմաններում դեռևս մնում է բարձր ցուցանիշ»,-ասաց Նուրբեկյանը:
ԿԲ-ում վերջին մի քանի ամիսների տվյալներով ավելի կայուն իրավիճակ են տեսնում, քան պատկերացնում էին:
Սպառողական վարկերը ևս էականորեն աճել են: Կենտրոնական բանկի դիտարկմամբ՝ դա առնվազն մի մասով պայմանավորված է շինարարության բարձր աճի տեմպերով: Նուրբեկյանը նկատեց՝ երբ մարդիկ բնակարաններ են գնում, բնականաբար, դրանից հետո որոշակի այլ սպառողական ապրանքների պահանջարկ է առաջանում:
«Ընդհանուր առմամբ վարկային շուկայում բարձր ակտիվությունը պահպանվել է, մասնավորապես՝ շինարարության և հիփոթեքային շուկայում ակտիվությունը շատ ավելի բարձր է եղել, քան մենք սպասում էինք»,-ասաց նա: