factor.am Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Հանդիպման վերաբերյալ իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Մոհամմադ Ռեզա Արեֆն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև ճանապարհաշինության, էներգետիկայի, շրջակա միջավայրի, տարանցման և տրանսպորտի, տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը, փոխանցում է IRNA-ն։
«Իրանի հարևանության (բարիդրացիության) քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ ունի, և Թեհրան-Երևան հարաբերությունները հիմնված են ամուր և անխորտակելի հիմքերի վրա»,- ասել նա։
Արեֆը նշել է, որ երկու երկրների պաշտոնյաների միջև խորհրդակցությունները գտնվում են ցանկալի և բավարար մակարդակի վրա, և Իրանը ողջունում է երկու երկրների պաշտոնյաների միջև խորհրդակցությունների շարունակականությունը։
Անդրադառնալով Հայաստան կատարած այցին և Եվրասիական միության գագաթնաժողովին մասնակցությանը, ինչպես նաև երկկողմ խորհրդակցություններին՝ Իրանի առաջին փոխնախագահը նշել է. «Մենք նախաձեռնել ենք արժեքավոր համաձայնագրեր և միջոցառումներ՝ համապատասխան երկու երկրների ընդհանուր շահերին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առևտրի, գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, կրթության, մշակույթի և հասարակայնության հետ կապերի ոլորտներում, որոնք մենք պետք է խորացնենք քայլ առ քայլ»։
Ողջունելով տարածաշրջանում և հարևանների միջև խաղաղության բանակցությունները և վեճերի լուծումը բանակցությունների միջոցով՝ Արեֆը շեշտել է, որ «խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության»։