ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարն Իսրայելին կոչ է արել կասեցնել Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը | armenpress.am

armenpress.am Իսրայելի կողմից Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը պետք է անմիջապես կասեցվի, հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մինչ օրս եղած բոլոր ապացույցները հաշվի առնելով՝ այս հետագա սրացումը կհանգեցնի ավելի զանգվածային հարկադիր տեղահանման, ավելի շատ սպանությունների, ավելի շատ անտանելի տառապանքների, անիմաստ ավերածությունների և դաժան հանցագործությունների», – ասել է Տյուրկը։

Նա հավելել է, որ ռազմական գործողություններն ընդլայնելու Իսրայելի որոշումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի որոշմանը, որը պարտավորեցնում էր Իսրայելին հնարավորինս շուտ ավարտել պաղեստինյան անկլավի օկուպացումը և ձեռնարկել «բոլոր միջոցները» Գազայում ցեղասպանությունը կանխելու համար։

«Այս պատերազմը սրելու փոխարեն, Իսրայելի կառավարությունը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի Գազայի խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար՝ թույլ տալով մարդասիրական օգնության լիարժեք և անարգել հոսքը։ Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն պաղեստինյան զինված խմբավորումների կողմից։ Իսրայելի կողմից կամայականորեն ձերբակալված պաղեստինցիները նույնպես պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», – հավելել է նա։

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև