Թել Ավիվում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Գազան գրավելու ծրագրերի դեմ | factor.am

factor.am

Թել Ավիվում շաբաթ երեկոյան՝ օգոստոսի 9-ին, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պլանի դեմ, որը նախատեսում է ընդլայնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմական գործողությունները Գազայի հատվածում և օպերացիայի ընթացքում վերահսկողության տակ վերցնել Գազա քաղաքը, փոխանցում է DW-ն։

Ցույցի մասնակիցները կոչ էին անում անհապաղ դադարեցնել Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ, որը հարձակվել էր երկրի վրա 2023թ․ հոկտեմբերին, և հասնել դեռևս գերիների կարգավիճակում գտնվող իսրայելցիների ազատմանը։ Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է շուրջ 100․000 մարդ։

Որոշ մասնակիցներ ձեռքերում պահել էին իսրայելցի գերիների լուսանկարներով պաստառներ, իսկ մյուսները՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցի երեխաների պատկերներով։

«Սա պարզապես ռազմական որոշում չէ։ Դա կարող է դառնալ մահապատժի որոշում այն մարդկանց համար, ում մենք ամենից շատ ենք սիրում», — Reuters-ը մեջբերում է ցույցի մասնակից Լիշեյ Միրան Լավիին, որը գերի դարձած Օմրի Լավիի կինն է։ Կինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել և անհապաղ վերջ դնել պատերազմին։

Reuters-ի վկայակոչած հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է պատերազմը անհապաղ դադարեցնելուն՝ գերիների ազատման նպատակով։ Իսրայելի կառավարության տվյալներով՝ այս պահին կենդանի է մոտ 20 գերի՝ 50-ից, որոնց ազատելը դեռ չի հաջողվել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման «ջախջախման» և Գազա քաղաքի վերահսկողությունը վերցնելու ծրագրին։ Որոշումը կայացվել է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների գիշերային խորհրդակցությունից հետո՝ չնայած միջազգային հանրության աճող կոչերին պատերազմը դադարեցնել, բազմաթիվ իսրայելցիների բողոքներին, որոնք անհանգստանում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող գերիների ճակատագրի համար, և ընդդիմության քննադատությանը։

Նախկինում Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել էր ծրագրի մի մասը՝ նշելով, որ Իսրայելը նախատեսում է վերահսկողության տակ վերցնել Գազայի ամբողջ հատվածը։ Իսրայելի զինված ուժերն արդեն վերահսկում են անկլավի մոտ երեք քառորդը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև