Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Al Jazeera հեռուստաընկերության 5 լրագրող | armenpress.am

armenpress.am Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Մասնավորապես զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։

Al Jazeera-ն հաղորդել է, որ իր աշխատակիցները զոհվել են այն ժամանակ, երբ իսրայելական կողմը հարվածել է լրագրողների վրանին։

Անաս ալ-Շարիֆը զոհվելուց ժամեր առաջ գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հրապարակելով իսրայելական ռմբակոծության մասին տեսանյութն ու նշելով, որ վերջին երկու ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումներն ակտիվացել են։

Իր հերթին Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ գործողությունների արդյունքում վերացրել է «ահաբեկիչ Անաս ալ-Շարիֆին, ով ձևացրել է, թե Al Jazeera հեռուստաընկերության լրագրող է»։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ նա ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի ծայրահեղական ջոկատներից մեկը և «պատասխանատու է եղել իսրայելցի խաղաղ բնակիչների ու զինծառայողների հրթռիակոծման համար»։

Գազայի հատվածի իշխանությունները օգոստոսի 5-ին հայտարարել էին, որ իսրայելական հարվածների հետևանքով անկլավի տարածքում զոհված լրագրողների թիվը հասել է 230-ի։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից Գազայում հակամարտության պատճառով մահացել է 61 հազար 430 մարդ, տոիժել՝ ավելի քան 153 հազարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև