Հայաստանը 2023 թվականին ներքին արտադրությամբ կարողացել է բավարարել իր էներգետիկ պահանջարկի 26.5%-ը։
Էներգետիկ ինքնաբավության այս ցուցանիշի` 26.5%-ի մի մասն էլ կազմում է միջուկային էներգիան։ Այսինքն, թեև ատոմային էլեկտրակայանը գործում է Հայաստանում և դասակարգման տեսանկյունից դրա արտադրանքը համարվում է ներքին արտադրություն, սակայն այս դեպքում էլ առկա է երկրորդային կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից․ կայանը լիցքավորվում է ներկրվող միջուկային վառելիքով։
Իսկ էներգետիկ պահանջարկի մնացյալ մասը (73.5%) ապահովվում է ներմուծվող էներգակիրներով։ Հայաստանը ներմուծում է բնական գազ, հանածո վառելիքներ՝ նավթամթերք, ածուխ, բենզին։
Էներգետիկան երկրի էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի ամբողջությունն է։ Այդ համակարգերն իրար հետ փոխկապակցված են և տնտեսության վրա ազդող հիմնական գործոններից են։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից ներքին արտադրության ապահովումը ռազմավարական առաջնահերթություն է։
Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող կայանները բազմատեսակ են․ 1 ատոմային, 4 խոշոր ջերմային էլեկտրակայան, հիդրոէլեկտրակայանների 2 խոշոր կասկադ, ինչպես նաև փոքր հիդրո, արևային, հողմային կայաններ։
Հայաստանում բացառապես ներքին ռեսուրսներով կարող են գործարկվել և արտադրություն ապահովել հիդրոէլեկտրակայանները, արևային, հողմային և այլ վերականգնվող ռեսուրսների վրա հիմնված կայանները։ Իսկ Հայաստանի մյուս կայանները՝ ատոմային և ջերմային, գործարկվում են ներկրվող՝ միջուկային և հանածո վառելիքով։ Սակայն, ի տարբերություն հանածո վառելիքով աշխատող ջերմաէլեկտրակայանների, ատոմակայանի արտադրանքը համարվում է ներքին ինքնաբավության բաղադրիչ։
Ընդհանուր առմամբ 2024 թվականին արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ բաժինը՝ 38.2%-ը, ստացվել է ջերմային էլեկտրակայաններից, 30.8%-ը՝ ատոմային միակ կայանից՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանից», 22.4%-ը՝ հիդրոէլեկտրակայաններից և 5.3%-ը՝ արևային կայաններից, 3.2%՝ ինքնավար արտադրողներից, որոնք հիմնականում կրկին արևային փոքր կայաններ են։ Հողմային կայանների արտադրանքն ընդհանուր ծավալի մեջ աննշան է՝ 0.01%։
Ջերմային կայանները 2009 թվականից կտրուկ աճ են գրանցել և մնացել առաջատար։ Ատոմակայանի արտադրանքի ցուցանիշը վերջին երեք տարիներին շատ չի տատանվել։ Արևային էներգիայի արտադրությունը սկսվել է 2018 թվականից, կտրուկ աճել՝ 2022-ից հետո, մինչդեռ հողմային կայանների արտադրությունը մնում է աննշան։
Ատոմակայանները վառելիքով լիցքավորվում են տարին մեկ անգամ (կախված տեսակից՝ 2 տարին մեկ)։ Միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը բացատրում է, որ եթե որևէ պահի դադարեցվի միջուկային վառելիքի ներմուծումը, պահեստային վառելիքն առնվազն մեկ տարի կկարողանա արտադրություն ապահովել։ Հենց դրա համար էլ այդ արտադրանքը տվյալ տարվա համար ներառվում է Հայաստանի էներգետիկ ինքնաբավության ցուցանիշում։
Իսկ օրինակ ջերմաէլեկտրակայանների դեպքում, որոնք աշխատում են բնական գազով, ներմուծումից կախվածությունը շատ ուղիղ է, քանի որ գազը խողովակներով անընդհատ է ներկրվում, և դադարեցման պարագայում արտադրությունն անմիջապես կկանգնի (միգուցե շարունակվի առավելագույնը մի քանի ամիս՝ կախված պահեստի տարողունակությունից)։
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Տիգրան Գնունին, որն ամենամյա էներգետիկ հաշվեկշիռը կազմողներից մեկն է, ևս նշում է, որ բոլոր երկրների հաշվեկշիռներում ներկրված միջուկային վառելիքը ավանդականորեն համարվում է ներքին պաշար։
2024 թվականին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը մոտ 9․2 միլիարդ կՎտժ է։ Հայաստանում ամենաշատ էլեկտրաէներգիա արտադրվել է 2022 թվականին՝ 9190.1 միլիոն կՎտժ և 2024 թվականին՝ 9183.45 միլիոն կՎտժ։
Արտադրանքի ամենամեծ մասնաբաժինն ապահովող ջերմաէլեկտրակայանները էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործում են այրվող օրգանական վառելիք։ 2023-ին ներկրված ամբողջ բնական գազի 28.4%-ը օգտագործվել է հենց այս ՋԷԿ-երի աշխատանքի համար։
Հայաստանի ջերմաէլեկտրակայանները կախված են ոչ միայն ներմուծվող գազից, այլև արտաքին սեփականատերերից․ գործող 4 խոշոր կայաններից 3-ը պատկանում են օտարերկրյա ընկերությունների կամ Հայաստանի ոչ ռեզիդենտ գործարարների։
2003 թվականին Հայաստանի կառավարությունը 1994-1998 թվականներին կուտակված մոտ 95 միլիոն դոլար պետական պարտքը Ռուսաստանի Դաշնությանը մարելու նպատակով Հրազդանի ջերմաէլեկտրակայանի ամբողջ գույքային համալիրը փոխանցեց Ռուսաստանին․ ստեղծվեց «ՀրազՋԷԿ» ԲԲԸ և գույքը ներդրվեց դրա կանոնադրական կապիտալում: Ռուսական «Ռոսնեֆտեգազ» ընկերությունը տնօրինեց «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն մինչև 2011 թվական, հետո բոլոր բաժնետոմսերը գնեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ն։ 2015 թվականին այն վաճառվեց Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված Liormand Holdings Limited ընկերությանը, որն էլ իր հերթին 2017 թվականին «ՀրազՋԷԿ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին։
«Հրազդան-5» կայանի գույքային համալիրի 80% բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գնել է 2006 թվականին, իսկ 2013-ից արդեն կայանն ամբողջությամբ պատկանում է նրա դուստր ընկերությանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։ Հենց 2013-ին էլ «Հրազդան-5» կայանը լիակատար շահագործման է հանձնվել։
Պետական սեփականություն հանդիսացող միակ ջերմաէլեկտրակայանը «Երևանի ՋԷԿ»-ն է, որի 100% բաժնեմասը պատկանում է Հայաստանին։ Էներգաբլոկը կառուցվել է 2010 թվականին։
«Երևան-2» կայանի սեփականատերը և օպերատորը «Արմփաուեր» ՓԲԸ-ն է, որի 60% բաժնեմասը պատկանում է «Ռենկո Փաուեր» ՓԲԸ-ին, իսկ 40%–ը՝«Սիմենս փրոջեքթ վենչուրս» ՍՊԸ-ին։ Հիմնադրման պահից՝ 2016 թվականից, «Արմփաուեր» ՓԲԸ-ի իրական շահառուն Իտալիայի քաղաքացի Ջիովաննի Գասպարինին է։
Էլեկտրաէներգիայի արտադրության հաջորդ խոշոր կայանը, ինչպես նշեցինք, Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ն է (ՀԱԷԿ), որը ներկայումս շահագործում է երկրորդ էներգաբլոկը՝ 407․5 մեգավատտ դրվածքային հզորությամբ։ 2024 թվականին ՀԱԷԿ-ում արտադրվել է 2․83 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա։
Ատոմակայանը կառուցվել է 1969 թվականին՝ Խորհրդային միության շրջանում, առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ին (չի գործում 1988 թվականի երկրաշարժից հետո), իսկ երկրորդը` 1980-ին։ Նախագծային բոլոր փաստաթղթերն այժմ ռուսական կազմակերպությունների իրավասության ներքո են։ Միջուկային վառելիք մատակարարում է Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» ընկերության «ՏՎԵԼ» ԲԲԸ-ն։
2003 թվականին ատոմակայանը հինգ տարով հավատարմագրային կառավարման հանձնվեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ-ին, իսկ 2008-ից էլ, գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, հավատարմագրային կառավարումը երկարաձգվեց: Սակայն 2012 թվականին պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվեց և ատոմակայանի ամբողջական կառավարումը հանձնվեց Հայաստանին։
Ի սկզբանե երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը նախատեսված էր մինչև 2017 թվականը, սակայն դրանից հետո վերազինման աշխատանքների շնորհիվ այն երկարաձգվեց մինչև 2026 թվական։
Էներգետիկայի բնագավառի՝ մինչև 2040 թ․ զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման շրջանակում ՀՀ կառավարությունը 2023թ․ ընդունեց որոշում՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկրորդ անգամ 10 տարով երկարացման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Գործընթացի բարեհաջող իրականացման արդյունքում հնարավոր կլինի ՀԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվական։
Եթե քննարկենք այն սցենարը, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկրորդ անգամ չի երկարաձգվում և դադարեցվում է 2026 թվականին, ապա կանգնում ենք փաստի առաջ, որ չունենք դրան փոխարինող նոր էներգաբլոկ։ 2015-ի կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել էր «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթը, որով նախատեսում էր նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնում 2027թ., սակայն կառուցման աշխատանքներ չէին նախաձեռնվել։ Այդ իմաստով այս երկարաձգումը դառնում է ժամանակավոր «փրկօղակ» էներգահամակարգի համար։
2023 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը ռուսական կազմակերպության՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ ստորագրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվական երկարաձգելու մասին համաձայնագիրը։
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (Կոմիտե) նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանի խոսքով՝ պայմանագրի հիման վրա այժմ իրականացվում են կայանի համակարգերի և սարքավորումների համալիր հետազոտություն, անվտանգության հիմնավորումներ, ամրության հաշվարկներ։ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն պետք է 2026 թվականի մայիսի վերջին կարգավորող մարմնին ներկայացնի համալիր հետազոտության հաշվետվություն, որի արդյունքներով արդեն կգնահատվի կայանի համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակը, կորոշվի, թե սարքավորումներից որոնք պետք է փոխարինվեն և որոնք ունեն հետագա շահագործման համար անհրաժեշտ գոյապաշար։
Աշխատանքների մի մասն իրականացնում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն, մյուս մասը՝ ռուսական կամ եվրոպական այլ կազմակերպություններ։
Էներգետիկայի բնակագավառի ծրագրի կարևոր ուղղություններից է ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացումը, հետևաբար գործող էլեկտրակայանի ռեսուրսը սպառելուց հետո նախատեսվում է նոր միջուկային էներգաբլոկի կառուցում։
2021 թվականին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»։ Այդ զրույցին հաջորդել էր ՏԿԵՆ այդ ժամանակվա նախարար Գնել Սանոսյանի հայտարարությունը, որ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ատոմակայանի կառուցումը կարող է տևել մինչև 10 և ավելի տարի։
«Անկախ գործող էներգաբլոկի երկարացման գործընթացից՝ եթե ցանկանում ենք, որ ատոմային էներգետիկան Հայաստանում շարունակական լինի, նոր էներգաբլոկի կառուցման գործընթացների որոշումները պետք է արդեն երեկ ընդունած լինեինք։ Դա բավականին աշխատատար և ժամանակատար գործընթաց է։ Չնայած ՀՀ-ն ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր է, սական նոր կայանի կառուցումը մեր երկրի համար մարտահրավեր է, քանի որ մենք ատոմային էլեկտրակայանի կառուցման փորձ չունենք, ունենք միայն շահագործման փորձ»։
Կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյան
Կառավարությունը, ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առայժմ չի կողմնորոշվել մոդելի ընտրության հարցում։ 2025 թվականի հուլիսի դրությամբ ՏԿԵՆ-ից «Ինֆոքոմին» հայտնել են, որ «Միջուկային նոր էներգաբլոկ/ների կառուցման հետ կապված առաջարկությունները գտնվում են ուսումնասիրման և քննարկման փուլում»։ Նախարարությունը ժամկետներ նույնպես չի սահմանել՝ մեկնաբանելով, որ հստակ նշել հնարավոր կլինի անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրությունից հետո։
2023 թվականին ԱՄՆ կառավարության Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել էր Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու մասին։ Անդրադառնալով դրան՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ասել է․ «Մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և երրորդ երկրների հետ։ Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել էինք, թե որ երկրների ընկերությունների որ մոդելներն է այժմ դիտարկում Հայաստանը։ Նախարարությունից հայտնել են, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջարկություններ ստացվել են Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հարավային Կորեայից և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունից։
«Երկրները, որոնք շուկա են հանում միջուկային ռեակտորներ և վաճառք են անում այդ ոլորտում, միանշանակ այդ առևտրի հետևում նաև քաղաքական ռազմավարություն են դնում։ ․․․Ես ամենաշատը տեղյակ եմ ամերիկյան առաջարկից, որ Հայաստանը քննարկում է։ Առաջին հերթին դա Հայաստանին հնարավորություն կտա համաձայնագրեր ստորագրել ԱՄՆ-ի հետ այդ ոլորտում, ինչպես, օրինակ, հունվարին ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Այսինքն՝ Հայաստանը հասանելիություն կունենա ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, ոլորտին, գիտությանը»։
Միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Արեգ Դանագուլյան
Նրա խոսքով՝ առաջարկվող տարբերակների շարքում «Ջեներալ Էլեկտրիկ հիտաչի» ընկերության փոքր մոդուլային՝ (Small module reactor-SMR) BWRX-300 300 ՄՎտ հզորությամբ ռեակտորն է։ Այժմ այդ ընկերությունը Կանադայում նման ռեակտոր կառուցելու պայմանագիր է ստորագրել։
Հաջորդ առաջարկը «Վեսթինգհաուս»-ինն է՝ «AP300» 300 ՄՎտ հզորությամբ։
Կարևոր է արձանագրել, որ առայժմ փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել և չի շահագործվում որևէ երկրում։
Ռիսկային է ընտրել փորձարկման նախադեպ չունեցող տարբերակ, սակայն Դանագուլյանն ընդգծում է, որ դա համագործակցության տեսանկյունից հնարավորություններով լի է։
Վերոնշյալ տարբերակներից ամերիկյան «Վեսթինգհաուս»-ի մոդելի շուրջ Հայաստանում զարգացումներ եղել են․ 2025 թվականի ապրիլի 22-ին Հայաստան էին ժամանել միջուկային էներգիայի ոլորտում առաջատար այս ընկերության ներկայացուցիչները և հանդիպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։
Ինչ վերաբերում է ռուսական առաջարկին, դեռ 2022 թվականին «Ռոսատոմ»-ի և ՀԱԷԿ-ի ներկայացուցիչները Դուբայում «Էքսպո 2020»-ի ժամանակ համագործակցության հուշագիր են ստորագրել ռուսական նախագծով նոր էներգաբլոկի կառուցման շուրջ։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը այդ ժամանակ նշել է, որ նոր էներգաբլոկը նախատեսվում է ոչ պակաս հզորությամբ, քան 500-600 ՄՎտ, սակայն չի բացառել ավելին՝ 1200 ՄՎտ։
Դանագուլյանը կարծում է, որ անկախ քաղաքական հարցերից, Ռուսաստանը հիմա տեխնիկապես պատրաստ չէ միջուկային ռեակտոր կառուցել իր ունեցած սահմանափակումների ֆոնին, և հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո երկիրն իր արդյունաբերական բազան սպառել է։
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը նշում է, որ որոշում կայացնելիս կարևոր է հաշվի առնել, թե 2036 թվականին և դրան հաջորդող 50-60 տարիների համար երկրի տնտեսության ինչ զարգացում է նախատեսվում Հայաստանում, և այդ զարգացումը որքան էներգատար է լինելու․ «Եթե մենք գնահատենք այսօրվա տնտեսության կարգավիճակով, ապա ներկա էներգահամակարգին կբավարարի առավելագույնը 600 ՄՎտ հզորությամբ ատոմային էլեկտրակայան։ Սակայն ատոմակայանը կառուցվում է գրեթե մեկ դար նախագծային շահագործման ակնկալիքով, և պետք է այդ ժամանակի համար հաշվարկել անհրաժեշտ հզորության չափը»։
Էներգիայի միջազգային գործակալության մշակած էներգետիկ համակարգերի վերլուծության TIMES մոդելով դեռևս 2019 թվականին իրականացված «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թթ զարգացման պլան» հետազոտության շրջանակում ներկայացված միջուկային սցենարներից մեկն այս պահին իրատեսական է՝ «2027 թ.-ից մինչև 2037 թ. ՀԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարացում լրացուցիչ 10 տարով»։
Վերլուծությունը առաջարկում է ՀԱԷԿ-ի շահագործումից դուրս բերելուց հետո միջուկային էներգաբլոկի հարկադրված կառուցման երկու սցենարն էլ՝ 300 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտոր կամ 600 ՄՎտ հզորությամբ թեթև ջրային ռեակտոր։
Էներգիայի միջազգային գործակալությունը (IEA) էներգետիկ համակարգերի վերլուծության համար մշակել է TIMES (The Integrated MARKAL-EFOM System) մոդելը, որը երկարաժամկետ հեռանկարով վերլուծում և գնահատում է երկրների էներգետիկ քաղաքականությունը, ներկայացնում է նվազագույն ծախսերով պլանավորման հնարավոր սցենարներ։
Անցնենք հիդրոէներգետիկայի ոլորտին։ Այն ներկայացնելիս պետք է տարանջատել Հայաստանի 2 խոշոր ՀԷԿ համալիրները և փոքր ՀԷԿ-երը։ 2024 թվականին 2 խոշոր ՀԷԿ համալիրները միասին արտադրել են գրեթե նույնքան էլեկտրաէներգիա (1 մլրդ կՎտժ), որքան գործող 190 փոքր ՀԷԿ-երը միասին։ Միասին դիտարկած՝ ՀՀ հիդրոէներգետիկան ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության 22.4%-ը։
Թեև հիդրոէլեկտրակայանների դեպքում ներմուծվող էներգակիրներից կախվածություն չկա, սակայն 2 խոշոր ՀԷԿ-երի դեպքում ևս պետական մասնակցություն չկա, դրանց իրական շահառուներն էլ արտասահմանյան գործարարներ են։
Սևան-Հրազդան կասկադը, որի հզորությունը կազմում է 560 ՄՎտ և որն ընդգրկում է 7 կայան (Սևան, Հրազդան, Արգել, Արզնի, Քանաքեռ, Երևան-1, Երևան-3) շահագործում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն։
2003 թվականին ռուսաստանյան մատակարարին ատոմակայանի միջուկային վառելիքի 40 միլիոն դոլար պարտքը մարելու նպատակով ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հիմնադրած «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը տրվեց 7 կայանից կազմված «Սևան-Հրազդան» հիդրոկասկադը։ Կասկադը գնահատվեց 25 միլիոն դոլար, իսկ պարտքի մնացորդը մարվեց այլ միջոցներով։
2011 թվականին կասկադն արդեն գնեց «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն, իսկ 2020 թվականին դրա 90% բաժնետարը դարձավ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը։
Որոտան կասկադ ՀԷԿ-երի համալիրը, որի հզորությունը կազմում է 404 ՄՎտ, և որը ընդգրկում է 3 կայան (Սպանդարյան, Շամբ, Տաթև), 2024 թվականից պատկանում է ամերիկյան «Քեյ Քեյ Ար ընդ քո ինք» ընկերությանը։
«Որոտան Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ-ն, որի ամբողջական բաժնետերը ՀՀ կառավարությունն էր, գույքը 2014 թվականին վաճառեց ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությանը։
Նախքան վաճառքի գործարքը, 2013 թվականի նոյեմբերի 21-ին Կառավարության որոշմամբ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացվել էր շուրջ 89 միլիոն դրամով։ Վաճառելու մասին որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ԱԺ նիստի այդ օրվա օրակարգում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտությունը վաճառքը ներկայացնում է որպես խնդրահարույց գործարք, քանի որ այդ ժամանակվա կառավարությունը այն չի ներառել պետական գույքի մասնավորեցման ծրագրում և այն վաճառել է առանց օրենսդիրի համաձայնության։ Գնորդը 190 միլիոն դրամը վճարել է ոչ թե պետական բյուջե, այլ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին։
Կարևոր է նաև նշել, որ այս կասկադի սեփականաշնորհումը հակասում է Ջրի ազգային ծրագրի մասին օրենքին, քանի որ Որոտան կասկադի Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները դասված են հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկում, որոնք պետական սեփականություն են համարվում և ենթակա չեն մասնավորեցման։ Զեկույցում ընդգծվում է, որ հենց այդ օրենքը շրջանցելու համար գնորդին տրամադրվել է ոչ թե սեփականության իրավունքը, այլ գույքի նկատմամբ 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունք։
Այս խնդրահարույց գործարքով ձեռք բերած հիդրոկասկադը «Քոնթուր գլոբալը» տնօրինեց գրեթե 9 տարի. 2024 թվականին հիդրոկասկադը գնեց «Քեյ Քեյ Ար ընդ քո ինք» ամերիկյան ներդրումային ֆոնդը։
2024 թվականի դրությամբ Հայաստանում գործում է 190 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է 14-ը։
Համաձայն էներգետիկայի բնագավառի՝ մինչև 2040 թվականի ռազմավարական ծրագրի՝ նախատեսվում էր մինչև 2024 թվականի ավարտը փոքր ՀԷԿ-երի ընդհանուր դրվածքային հզորությունը 380 ՄՎտ-ից հասցնել 430 ՄՎտ, սակայն այս նպատակադրումը չի իրագործվել․ 2024 թվականի դրությամբ գումարային հզորությունը կազմել է 401 ՄՎտ։
2024 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ պետությունը արտոնություններ է սահմանել փոքր ՀԷԿ-երի համար՝ արտադրված էլեկտրաէներգիայի համար սահմանելով 15 տարվա գնման երաշխիք։
Հայաստանում տարեցտարի զարգանում է վերականգնվող էներգետիկայի անսպառ և էկոլոգիապես ամենամաքուր ուղղությունը՝ արևային էներգետիկան։ Այն ներկայացված է ֆոտովոլտային (ՖՎ) արևային տեղակայանքներով և ջրատաքացուցիչներով, քանի որ արևային էներգիայով հնարավոր է ստանալ թե՛ էլեկտրաէներգիա, թե՛ ջերմային էներգիա։ Թեև 2024 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 8.5%* բաժինը կարող է փոքր թվալ, սակայն, դիտարկելով նախորդող տարիների արդյունքը, աճն ակնհայտ է դառնում։
* Կարևոր է նշել, որ այս ցուցանիշը չի ներառում ինքնավար արտադրողների արտադրած և տեղում իրենց իսկ սպառած էլեկտրաէներգիան․ այստեղ հաշվարկված է ինքնավար արտադրողների կողմից ցանցին առաքված էլեկտրաէներգիան։ ՏԿԵ նախարարությունը տվյալներ ներկայացնելիս ներառում է այդ ցուցանիշը (2024 թվականի դեպքում + 198․1 մլն կՎտժ) և հաշվարկում 10.3%, սակայն մենք առաջնորդվել ենք ՀԿԾՀ հաշվետվությամբ, որը ընդհանուր արտադրության հաշվեկշռում դա չի ներառում:
Ինչպես երևում է՝ կտրուկ աճը սկսվել է 2022 թվականից։ Այս տարում ընդունվել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագիրը, որի հիմքում ընկած կարևորագույն կետերից մեկն ուղղված էր ներդրուﬓերի խթանմանը՝ առավելապես արևային էներգետիկայի բնագավառում։ Կառավարությունը պլանավորում է մինչև 2030 թվականը արևային էներգետիկայի մասնաբաժինը հասցնել առնվազն 15%-ի։
«Արևային էներգիայի զարգացումը՝ որպես վերականգնվող էներգիա, բերում է կախվածության փոքրացման․ եթե չունենանք ներկրվող գազային վառելիքի ֆորսմաժորային իրավիճակներ, չունենանք գնային տատանումներ, այս վիճակը կայուն վիճակ է»,- ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Կառուցման փուլում են գտնվում ևս 47 արդյունաբերական արևային կայան՝ 295.5 ՄՎտ հզորությամբ։ 20.6 ՄՎտ հզորությամբ 418 ինքնավար կայան ստացել է տեխնիկական պայմաններ, բայց դեռևս պայմանագրեր չեն կնքվել։
Արդյունաբերական մասշտաբի առայժմ ամենախոշոր արևային կայանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ 1»-ն է, որի կառուցումն ավարտվել է 2024-ի հոկտեմբերին և արտադրության անցել 2025 թվականի մայիսից։ Այս կայանի տարեկան արտադրած էլեկտրաէներգիան կբավարարի ավելի քան 20 000 տուն հոսանքով ապահովելու համար։
Էներգետիկայի բնագավառի՝ մինչև 2040 թվականի ռազմավարական ծրագրի ժամանակացույցը թելադրում էր մինչև 2025 թվականի դեկտեմբեր կառուցել խոշորագույն «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանը։ 2024 թվականի հուլիսին, սակայն, կայանի շահագործման հանձնելու ամսաթիվը երկարաձգվեց մինչև 2027 թվականի դեկտեմբերը։
«Այգ-1» կայանի 85% բաժնեմասը պատկանում են ԱՄԷ գրանցված «Մասդար» ընկերությանը, իսկ 15%-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը խոչընդոտ չէ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի որ ֆինանսավորումը կատարվում է «Այգ 1» ծրագրի շրջանակում)։
Այսպիսով, երկրում կառուցվելիք ամենախոշոր՝ 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանը ընդհանուր հաշվեկշռում արևային էներգիայի արտադրության բաժինը կկարողանա ավելացնել 2 տարի անց։
ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ առանց գնման երաշխիքի արևային կայանների և ինքնավար արտադրող կայանների թվի աճով պայմանավորված չեղարկվել է ռազմավարական ծրագրի ժամանակացույցի 1.7 կետով նախատեսած խոշոր՝ 120 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային 5 կայանների կառուցման մրցույթներ կազմակերպելու ծրագիրը։ Կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 1827-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել այդ ծրագիրը։
Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Վիճակագրական կոմիտեի տվյալներում արևային վահանակների և արևային ջրատաքացուցիչ համակարգերի սարքավորանքների արտադրության թիվը առանձին ներկայացված չէ, դա ներառված է «ոչ շարժական ոչ էլեկտրական` արևային վահանակներ, շոգե, նավթի, յուղի և համանման այլ վառարաններ և տաքացուցիչ սարքավորանք» տողում և դրա բացվածքը հասանելի չէ:
Սակայն հենց Հայաստանոււմ արևային վահանակներ արտադրող ընկերությունները շատ չեն։ Կայաններ կառուցող ընկերությունները հիմնականում վահանակները ներմուծում են:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը «Պրոֆպանելն» է։ Ընկերությունը Չինաստանից ներմուծում է արևային բջիջներ և վահանակների արտադրության մյուս բոլոր փուլերը՝ համակցում, քառաստիճան թեստավորմում և այլն, իրականացնում է գործարանում։
Ընկերությունն առաջարկում է արևային կայանների տարբեր տեսակի համակարգեր՝ ցանցային, ոչ ցանցային և հիբրիդային համակարգեր։
«Սոլարոն» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Արզումանյանը նշում է, որ ոչ ցանցային կամ հիբրիդային տարբերակները շատ նախընտրելի են էներգիան կուտակելու տեսանկյունից։
«Լոկալ մակարդակում այդ կուտակիչ մարտկոցները կան, ծառայում են որպես էներգիայի պահուստ և օգտագործվում են գիշերային ժամերին կամ հոսանքի անջատումների ժամանակ, սակայն ինչ վերաբերում է ընդհանուր Հայաստանում համակարգային մեծ կուտակիչ մարտկոցներ ունենալուն, ապա վստահաբար դրա կարիքն ու պահանջը կա»,- նշում է Արզումանյանը
Արևային էներգիայի արտադրությունը ամենահոգատար տարբերակն է բնության հանդեպ։ Արևային կայանները, մյուս կայանների համեմատությամբ, արտադրության գործընթացում չունեն վնասակար արտանետումներ։
Ամերիկյան Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիայի (NREL) 2021 թվականի հետազոտությունը հաստատել է, որ արևային կայանի վահանակների արդյունավետությունը յուրաքանչյուր տարի նվազում է 0.5-0.8%-ով, հետևաբար պակասում է ընդհանուր կայանի հզորությունը։ Այսինքն՝ 3 կՎտ-անոց կայանի հզորությունը արդեն 25 տարի անց կպակասի մոտ 15%-ով և կապահովի արդեն 2.5 կՎտ հզորություն։
Վահանակները 25-30 տարի անց՝ ժամկետի ավարտից հետո, աղբավայր նետելը վտանգավոր լուծում է, քանի որ դրանք թունավոր թափոն են համարվում։ Վահանակները ենթակա են վերամշակման․ հումքը՝ ապակին, ալյումինը, սիլիցիումը, կարող են օգտագործվել նոր արևային վահանակներ արտադրելու համար։
Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) 2016 թվականի ուսումնասիրությունը գնահատում է, որ մինչև 2050 թվականը աշխարհում արևային ֆոտովոլտային վահանակների կուտակային թափոնների ծավալը կհասնի 78 միլիոն տոննայի, որից 20 միլիոնը բաժին է ընկնում Չինաստանին։
Վերամշակման ռազմավարության մասին հարցին ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունն ընդգծում է, որ հայ մասնագետները հետևում են համաշխարհային զարգացումներին և ուսումնասիրություններին, սակայն Հայաստանում արևային համակարգերի վերամշակման հնարավորությունների մասին առայժմ համապատասխան որոշում չկա։
Կայուն աճող արևային էներգիայի արտադրության ծավալները հանգեցնում են համակարգային բարդությունների, որոնց կարգավորման համար Հայաստանում առայժմ մեխանիզմներ չկան։ Խոսքը արևային էներգիայի կուտակման համակարգերի մասին է։
Արեգ Դանագուլյանի խոսքով՝ արևային էներգիան, որպես այլընտրանքային աղբյուր, լավ է, սակայն կայուն, մշտական հուսալիությամբ աղբյուր չէ․
«Դիտարկումներ անելիս պարզ է դառնում, որ Հայաստանում ամենաշատը էլեկտրաէներգիա սպառում են առավոտյան 8-ին և երեկոյան 6-ից․ կռահեք՝ ի՞նչ չունենք այդ ժամին․ արև։ Արևային էներգիան հիմնականում արտադրվում է կեսօրին․ այսինքն՝ ունենք արտադրության և պահանջարկի ժամերի անհամապատասխանություն»։
ՏԿԵ նախարարությունը ևս ընդգծում է կուտակիչ կայանների առկայության կարևորությունը։ Համաշխարհային բանկի աջակցությամբ վերլուծություն է կատարվել Հայաստանում կուտակիչ կայանների տնտեսական և ֆինանսական կենսունակությունը պարզելու համար, դիտարկվել են մինչև 1200 ՄՎտ դրվածքային հզորությամբ 1-6 ժամ կուտակման հնարավորություն ունեցող կայաններ։
Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնում են, որ առայժմ ուսումնասիրում են էներգակուտակման տեխնոլոգիաները։ Գնահատվել են մարտկոցների պահեստավորման տարբերակներ, սցենարներ, այդ թվում՝ հարևանների հետ առևտրի և էլեկտրական ռեժիմների բալանսավորման զարգացման հնարավորության մասին։
Հողմաէլեկտրակայանները Հայաստանում շատ չեն, թեև դրանք նույնպես համարվում են տնտեսապես շահավետ կայաններ։
2024 թվականի տարեվերջի դրությամբ գործել են 4 հողմային էլեկտրակայաններ, ևս 1-ը գտնվել է կառուցման փուլում։ Հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը կազﬔլ է շուրջ 4.2 ՄՎտ։ Արտադրված էլեկտրաէներգիան առայժմ կազմում է ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի աննշան՝ 0.01%-ը։
Այսպիսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում իրականացվում է տարբեր տեսակի կայաններում։ Այժմ դիտարկենք այդ արտադրության բաշխումը։
2024 թվականին կայաններում արտադրված 9.2 միլիարդ կՎտ ժամ էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կազմել է 8․8 ﬕլիարդ կՎտժ, իսկ արտադրված էներգիայի մնացյալ մասը՝ 4%-ը, ուղղվել է կայանների սեփական կարիքներին։
Ընդհանուր օգտակար առաքման 6․8 ﬕլիարդ կՎտ ժամը ներքին սպառումն է, իսկ ավելի քան 1․5 միլիարդն արտահանվել է (17%)։ Մնացած 479 միլիոն կՎտ ժամը գրանցվել է որպես կորուստ բաշխիչ ցանցերում։
Ներքին սպառումն ապահովելու համար էլեկտրաէներգիան մատակարարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, ինչպես նաև բաշխում շուկայի ազատականացված հատվածի սպառողներին։
2022 թվականի փետրվարի 1-ից գործում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագիրը, որի համաձայն ՀԷՑ-ը շարունակում է լինել էլեկտրաէներգիա բաշխող միակ ընկերությունը, սակայն ոչ միակ վաճառողը։ Մինչև սպառողին հասնելը մատակարարման շղթայում հայտնվում են նոր կազմակերպություններ։
Բոլորն օգտվում են երաշխավորված մատակարար ՀԷՑ-ից, բացի «Շուկայի ազատականացված հատվածի սպառողներ» մասնաբաժնի․ դրա մատակարարը ՀԷՑ-ը չէ, այդ 26%-ն օգտվում է շուկայում որակավորված այլ մատակարարներից։ ՀԾԿՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաժնից հայտնում են, որ Հայաստանում այլ մատակարարները գրեթե 10-ն են։ «Այլ սպառողներ» բաժնում ներկայացված են այն ընկերությունները, որոնք իրենց սեփական կարիքի համար ձեռք են բերում էլեկտրանէերգիա ՀԷՑ-ից և սպառում։
Ի դեպ, ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ համաձայն Հայաստանի էներգահամակարգի նվազագույն ծախսերով զարգացման պլանի՝ 2050 թվականին էլեկտրաէներգիայի ներքին սպառումը 2024 թվականի համեմատ կավելանա 60%-ով։
Արտադրված էլեկտրաէներգիան արտահանման երկու ճանապարհ ունի՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն և Վրաստանի Հանրապետություն։
Ինչպես նշեցինք, 2024 թվականին ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի 17%-ն արտահանվել է․ արտահանման գերակշիռ մասը՝ 95% դեպի Իրան՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համաձայն, իսկ 5%-ը՝ Վրաստան։
Այս բաշխվածությունը բավականին փոխվել է նախորդ տարվա համեմատ, քանի որ 2023-ին Վրաստան արտահանումը կազմել է 12%։
Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության՝ Հայաստանի մասին զեկույցի՝ «Հրազդան-5» կայանի արտադրանքի մի մասը և «Երևան-2» կայանի ամբողջ արտադրանքն է ուղղվում Իրան։
Իրանից ներկրվող յուրաքանչյուր 1 խ/մ գազի դիմաց Հայաստանից արտահանվում է ՋԷԿ-ում արտադրված 3 կՎտժ էլեկտրաէներգիա։
2023 թվականին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը, միաժամանակ ստորագրվել է ծավալների ավելացման համաձայնագիր։
Սակայն ծավալների ավելացումը հնարավոր կլինի միայն Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի գործարկմամբ։
2024 թվականի հուլիսի 18-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է․ «Մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»։
Սակայն «ամիսներ անցը» ձգվում է մինչև 2026 թվական։ Էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները սկսվել էին 2016-2017 թվականներին։ 2024թ․-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ շինարարական աշխատանքների 80%-ն է արված։ Միայն ամբողջական գործարկումից հետո հնարավոր կլինի ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել նախատեսվող 1200 ՄՎտ-ի։
ՀԾԿՀ 2025 թվականի գործողությունների ծրագրում ևս ասվում է, որ Վրաստանի և Իրանի հետ ﬕջսահմանային առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել ﬕջպետական նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի գործարկման արդյունքում։
Ի տարբերություն Իրանի՝ Վրաստանի հետ էներգահամակարգը համակցված չէ սինխրոն ռեժիմով, այսինքն՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի համակարգը տեխնիկապես միացված է Իրանի էներգահամակարգի հետ, իսկ Վրաստանի հետ աշխատում է անկախ հաճախականությամբ։
Էներգետիկայի մյուս ուղղությունը գազամատակարարման համակարգն է։ 2023 թվականին ներկրվող հանածո վառելիքների ծավալում բնական գազի մասնաբաժինը կազմում է 72.8%։
ՀԾԿՀ տարեկան հաշվետվության համաձայն՝ 2023-ի համեմատ 2024-ին 3% նվազել է ՌԴ-ից ներկրված գազի ծավալը՝ ընդհանուր ներկրվող գազի ծավալի 86.4%-ից դառնալով 83.7% և համապատասխանաբար աճել Իրանից ներկրվող գազի ծավալը` 13.6%-ից դարձել 16.3%։
2024 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 2․7 ﬕլիարդ խմ բնական գազ, որից մոտ 2․3 ﬕլիարդ խմ-ն Ռուսաստանից, իսկ 446 ﬕլիոն խմ-ն՝ Իրանից։
Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը ապահովում է ռուսական Գազպրոմի դուստր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
2013 թվականի դեկտեմբերին Երևանում ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը երաշխավորել է գազ գնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից (այդ ժամանակ՝ «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ից)։ Մինչև 2043 թվականի ավարտը պայմանները ենթակա չեն փոփոխման՝ առանց ռուսական կողմի նախնական համաձայնության։
Ինչպես նշել էինք, Իրան-Հայաստան 700 միլիմետր տրամագծով գազամուղը շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Հենց այդ տարի էլ Իրան-Հայաստան գազատարի 40-կիլոմետրանոց հատվածը 30 միլիոն դոլար նախավճարով գնեց «Գազպրոմ Արմենիան»։
«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի մեկնաբանությամբ Իրան-Իսրայել տարածաշրջանային լարվածությունը չի կարող հանգեցնել Իրանի հետ համագործակցության դադարեցման, եթե Իրանի ներսում խոսքը չգնա կոլապսի մասին։
Գազի ներկրման ծավալների ավելացումների մասին քննարկումների ֆոնին Քոչինյանը նշում է մի քանի խանգարող հանգամանք․
«Առաջինը խողովակների տեխնիկական վիճակն է․ տեսականորեն հնարավոր է տրամաչափի ավելացում, սակայն ներկայիս տեխնիկական պայմաններում դժվար կլինի ապահովել։ Բայց եթե անգամ դիտարկենք, որ փորձագիտական հետազոտությամբ որոշվում է, որ հնարավոր է ավելացնել, հաջորդ խոչընդոտը կլինի հենց Իրանի ներսում։ Իրանն ունի ահռելի գազային պաշարներ, սակայն դրանց տեղափոխման համար կան սահմանափակումներ։ Խնդիր է նաև ներկա խոշոր մատակարարի հետ մրցակցության հարցը․ առանց «Գազպրոմի» համաձայնության չեն կարող վտանգվել դրա դիրքերն ու շահույթը ՀՀ-ում»։
Հայաստանը նաև շահագրգռված է Իրանի տարածքով Թուրքմենստանից գազի ներկրմամբ։ Այս տարի մարտի 26-ին Երևանում անցկացված Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը հայտարարել է, որ համագործակցությունը ենթադրում է գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան-Հայաստան սահման։
Նշվում է, որ իրանական կողմը ևս դրական է արտահայտվել ծրագրի վերաբերյալ։ Այնուհանդերձ կողմերն առաժմ նախնական համաձայնության չեն եկել և բանակցությունները սկսված չեն։
Հայաստանն աշխարհում ամենագազաֆիկացված երկրներից է․ միայն բնակավայրերի 5%-ը գազաֆիկացված չեն։ 2024 թվականի տարեվերջին հաշվարկվել է 774 550 գազաֆիկացված բնակարան և բնակելի տուն։
Գազի ծավալի 35% սպառումը բաժին է ընկնում բնակիչ բաժանորդներին։
2024 թվականին տրանսպորտի ոլորտում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) միջոցով սպառվել է 360 մլն խ/մ բնական գազ, ինչը 12.5%-ով քիչ է 2023 թվականի համեմատ։ Ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի՝ հանրապետության տարածքում գործում է 346 ԱԳԼՃԿ։
Հատկանշական է, որ համաձայն մաքսային վիճակագրության, 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 31 955 թեթև մարդատար ավտոմեքենա, որից 9329 (29.2%) Էլեկտրական մեքենաներ են։ Էլեկտրոմոբիլների ներկրումը կտրուկ աճել է․ 2023 թվականին այն կազմում էր 7.5%։ Սա հուշում է, որ տրանսպորտային միջոցների կողմից բնական գազի և նավթամթերքի սպառումը աստիճանաբար էլ ավելի է նվազելու։
Ինչպես գիտենք՝ բնական գազից բացի Հայաստանը նաև ներկրում է նավթամթերք։ Նավթի արդյունահանում Հայաստանում չի իրականացվում։
ՊԵԿ մաքսային վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի առաջին կիսամյակում 220 հազար տոննա նավթ և նավթամթերք է (հում և ոչ հում) ներմուծվել Հայաստան։
Ներմուծված նավթամթերքի գերակշիռ մասը Ռուսաստանից է՝ 79.8%, երկրորդ արտահանողը Հունաստանն է՝ 6.4%, 3.7%՝ Իրանը, 3.1%՝ Ռումինիան։
Հայաստանի էներգետիկ պահանջարկի շուրջ 74%-ն ապահովվում է ներմուծվող էներգակիրներով՝ բնական գազ, նավթամթերք, ածուխ, բենզին և այլն: Վերջին 5 տարիներին Հայաստանը ներքին արտադրությամբ կարողացել է բավարարել իր էներգետիկ պահանջարկի մոտ 26%-ը, որի մի մասն էլ կազմում է միջուկային էներգիան: Սա, թեև ընդունվում է որպես ներքին արտադրություն, սակայն ունի երկրորդային կախվածություն արտաքին դերակատարներից՝ պայմանավորված միջուկային վառելիքի ներմուծմամբ:
2024 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 38%-ն ապահովել են ջերմային էլեկտրակայանները, որոնք ամբողջությամբ կախված են ներմուծվող բնական գազից, 30%-ը՝ ատոմակայանը, 22%-ը՝ հիդրոէլեկտրակայանները և 8%-ը՝ արևային կայանները: Ատոմային էլեկտրակայանը, շահագործման ժամկետի երկարաձգման պարագայում, կարող է աշխատել առավելագույնը մինչև 2036 թվականը, սակայն հնին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկի մոդելի ընտրությունն անգամ մինչ այժմ իրականացված չէ:
Առավել հուսադրող է վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացումը, որի մասնաբաժինը նախատեսվում է մինչև 2030 թվականը հասցնել 15%-ի: Սակայն արևային էներգետիկան էլ իր հետ բերում է կուտակիչ կայանների կառուցման անհրաժեշտություն, որի շուրջ դեռևս առկա են միայն քննարկումներ:
Այսպիսով, ներկրվող գազի, նավթամթերքների և միջուկային վառելիքի մեջ Ռուսաստանի մեծ մասնաբաժինը, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ խոշոր ջերմային և հիդրո էլեկտրակայանները մեծամասամբ պատկանում են օտարերկրյա սեփականատերերի, խորացնում են Հայաստանի էներգետիկ խոցելիությունը։
Գլխավոր նկարը՝ Սուսինա Խաչատրյանի