Քրեական պատասխանատվություն՝ առանց վարորդական իրավունքի վարելու համար

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։

Ներքին գործերի նախարարությունից նշում են՝ այս նախաձեռնության հիմքում նաև քաղաքացիների առաջարկություններն են։

«Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով՝ նախկին կարգավորմամբ սահմանված 25․000 ՀՀ դրամը դարձել է 50․000 ՀՀ դրամ։ Ավելին՝ նույն խախտումը կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։

ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության համաձայն, եթե անձը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին վարում է տրանսպորտային միջոց՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, ապա նա արդեն ենթակա է քրեական պատասխանատվության․ արարքը քրեականացվում է։

Նկարագրված արարքի քրեականացումն ինքնանպատակ չէ․ այն հետապնդում է պատժի սպառնալիքով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի նվազման նպատակ՝ կանխելով հնարավոր հետևանքները։
ՆԳ նախարարության նախաձեռնած այս փոփոխությունները միտված են բացառապես հանրային անվտանգության ու անվտանգ վարորդական մշակույթի ամրապնդմանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև