Պուտինն ու Կիմ Չեն Ընը քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան սպասվող բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և տեղեկացրել նրան այս շաբաթ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված բանակցությունների մասին, հայտնում է Կրեմլը:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը՝ KCNA-ն, ավելի ուշ հաղորդել է երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին՝ առանց նշելու Պուտինի և Թրամփի միջև ուրբաթ օրը նախատեսված հանդիպման մասին։

KCNA-ն հայտնել է, որ Կիմը և Պուտինը քննարկել են երկրների հարաբերությունների զարգացումը՝ անցյալ տարի ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը «հաստատում է նրանց կամքը ապագայում համագործակցությունն ամրապնդելու համար»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի օգնության համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի արևմուտքում գտնվող Կուրսկի շրջանը «ազատագրելու» և ԿԺԴՀ զինծառայողների կողմից ցուցաբերված «քաջության, հերոսության և անձնազոհության» համար։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև