armenpress.am Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայացել է եռակողմ հանդիպում Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի պատվիրակությունների մասնակցությամբ, որի առանցքային թեմաները եղել են Սիրիայում տիրող իրավիճակը և վերակառուցման գործընթացին աջակցելու ուղիները։ Այս մասին նշվել է X միկրոբլոգում Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանության գրառման մեջ։
Գրառման համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շեյբանին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը, ինչպես նաև երեք երկրների այլ ներկայացուցիչներ։
Մասնակիցները հաստատել են, որ Սիրիայի աս-Սուեյդայի նահանգն իր բոլոր համայնքներով Սիրիայի Արաբական Հանրապետության անբաժանելի մասն է կազմում, և որ նահանգի բնակիչների իրավունքները պետք է պաշտպանվեն նոր Սիրիայի վերակառուցման գործընթացում։
Հորդանանը և Միացյալ Նահանգները ողջունել են Սիրիայի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը աս-Սուեյդայում հանցագործությունների և խախտումների բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացում։
Սաֆադին և Բարաքը վերահաստատել են Հորդանանի և Միացյալ Նահանգների լիակատար համերաշխությունը Սիրիայի հետ և իրենց աջակցությունը Սիրիայի անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքացիների բարեկեցությանը:
Կողմերը համաձայնել են առաջիկայում գումարել ևս մեկ հանդիպում՝ քննարկումները շարունակելու նպատակով: Նրանք նաև համաձայնել են արձագանքել Սիրիայի կառավարության խնդրանքին՝ ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ (Սիրիա-Հորդանան-ԱՄՆ)՝ աս-Սուեյդայում հրադադարի ամրապնդման և նահանգում ճգնաժամը լուծելու համար՝ աջակցելով Սիրիայի կառավարության ջանքերին:
Ավելի վաղ՝ 2025 թվականի հուլիսի 19-ին, Ամմանը հյուրընկալել էր ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել էին աս-Սուեյդայի նահանգում հրադադարի ամրապնդմանը և ճգնաժամի լուծմանն առնչվող հարցեր։