Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքը չպետք է արգելափակի Իրանի մուտքն այլ տարանցիկ ուղիներ․ Արաղչի | civilnet.am

civilnet.am Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող տրանսպորտային միջանցքը չպետք է արգելափակի Իրանի մուտքն այլ տարանցիկ ուղիներ։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի բովանդակության մասին մանրամասներ է հայտնել Tesnim-ը։

Նախարարների հեռախոսազրույցի մասին օգոստոսի 11-ին հայտնել էր նաև Հայաստանի ԱԳ նախարարությունը, սակայն Իրանի նախարարի խոսքից մանրամասներ չէր ներկայացրել։

Ըստ իրանական աղբյուրի, Արաղչին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սակայն, արտահայտելով Իրանի մտահոգությունները, նա ընդգծել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող և ԱՄՆ-ին Հայաստանի հարավային հատվածով 99 տարի զարգացման վարձակալության իրավունք տվող նոր միջանցքը չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կամ կտրի Իրանի կապն այլ ուղիների հետ։

Արաղչին նաև ընդգծել է, որ ցանկացած որոշում այդ հարցում պետք է հարգի բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ միջանցքի ստեղծման ցանկացած ծրագիր պետք է համապատասխանի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահանջներին։

Միրզոյանը Արաղչիին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և նոր միջանցքի ստեղծման շուրջ վերջին զարգացումները։ Նա կարևորել է աշխարհաքաղաքական զգայունությունների, տարածաշրջանային խաղաղության և Իրանի փոխադարձ շահերի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը՝ հավաստիացնելով, որ Երևանը ցանկացած որոշում կայացնելիս հաշվի կառնի դրանք։

Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են բարիդրացիության և փոխադարձ շահերի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև