Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման խնդիրների պատճառները | armenpress.am

armenpress.am Ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում ջրամատակարարման պլանային, վթարային ընդհատումների, նաև նորմերով սահմանված պահանջներին բավարարող ճնշմամբ խմելու ջուր ապահովելու վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է 189 դիմում, որոնք 103 (120%-ով) դիմումով ավելի են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վերջին շրջանում ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ հավելելով, որ բոլոր դիմումները քննարկվում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պահանջով «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ-ի կողմից համապատասխան հասցեի սահմանազատման կետում տեղադրվում է ճնշման չափիչ սարք (լոգեր), ինչը  ցույց է տալիս, թե արդյոք ճնշումը համապատասխանում է սահմանված պահանջներին:

Հանձնաժողովից ընդգծում են, որ ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բաժանորդների ջրամատակարարումն իրականացնել հրապարակված գրաֆիկին համապատասխան, բացառությամբ ջրամատակարարման պլանային ընդհատումների (նախատեսված ընդհատումներ), վթարային ընդհատումների և ֆորս մաժորի հետևանքով ընդհատումների (չնախատեսված ընդհատումներ) դեպքերի:

«Հրապարակված գրաֆիկները ջրամատակարարման նվազագույն երաշխավորված տևողություններն են, որոնք մատակարարի գնահատմամբ հնարավոր է ապահովել գրաֆիկի գործողության ժամանակահատվածի ընթացքում՝ կախված եղանակային պայմաններից, ջրառի կետերում առկա ջրի քանակից, այլ բնակավայրերի նույնպես խմելու ջրով ապահովելու անհրաժեշտությունից և այլ գործոններից»,-նշեցին հանձնաժողովից։

«Վեոլիա  Ջուր»-ը հանձնաժողովին է ներկայացնում խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվություն, որի միջոցով շարունակական մոնիթորինգի են ենթարկվում տվյալ եռամսյակում ջրամատակարարման գրաֆիկների խախտումների վերաբերյալ ստացված այն դիմումները, որոնց ուսումնասիրմամբ հաստատվել են գրաֆիկների խախտված լինելը։ Մոնիթորինգի ընթացքում ստուգվում են դրանց ինչպես տեղեկատվությունում ներառված լինելը, այնպես էլ կանոններով սահմանված սպասարկման որակի նվազագույն պահանջներին համապատասխանությունը։ Ընդհատումների տեղեկատվությունում ներառված չլինելու կամ կանոնների պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում ընկերությունը յուրաքանչյուր խախտման համար բաժանորդին վճարում է կանոններով սահմանված կարգով հաշվարկվող չափի տույժ։

Հատկանշական է, որ ընդհատումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունները հրապարակվում են հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Ինչ վերաբերում է ապօրինի ջրօգտագործման վերահսկմանը, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի մասնավորապես ծրագրվում և փուլերով իրականացվում է ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ, որի արդյունքում խմելու ջրի հայտնաբերված կորուստները, ոչ բաժանորդների կողմից՝ ապօրինի, իսկ բաժանորդների կողմից առևտրային հաշվառքի սարքի խախտմամբ կամ շրջանցմամբ օգտագործվող խմելու ջրի ծավալների հայտնաբերումն իրենց դրական ազդեցությունն են ունենում խմելու ջրի հրապարակված գրաֆիկների պահպանման վրա։ Մասնավորապես, 2025 թվականին անցկացված երկու մոնիթորինգների արդյունքում հայտնաբերվել և վերացվել է 113 խախտում, որոնց արդյունքում հաշվարկվել է 201014,25մ3 խմելու ջուր։

Շարունակությունը՝ սզկբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև