azatutyun.am Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում, լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք այդ հարցը դիտարկում ենք նման հարթության մեջ։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան իրենց համար լավ է, ապա մենք, իհարկե, այստեղ Հայաստանին աջակցում ենք»,- ասել է նա:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է: Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
Կողմերը օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: