civilnet.am Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։
Հրապարակված տեքստում մասնավորապես ասված է, որ 907-րդ բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ տրված լիազորություններով, այդ թվում՝ 2002-ի «Արտաքին գործողությունների ֆինանսավորման, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի մասին» օրենքի II վերնագրով, ես սույնով որոշում և հավաստում եմ, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցումը Ադրբեջանի նկատմամբ՝
• անհրաժեշտ է ԱՄՆ-ի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար։
• անհրաժեշտ է ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիոն գործընկերների միջազգային ահաբեկչության դեմ պայքարում պատրաստվածությունը աջակցելու համար։
• կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար։
Համապատասխանաբար, ես սույնով երկարաձգում եմ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը», – ասված է Թրամփի ստորագրած փաստաթղթում։
907-րդ բանաձևը (Section 907) ԱՄՆ Կոնգրեսի՝ 1992-ի ընդունված «Ազատության աջակցման ակտի» (Freedom Support Act) մի մաս է, որը սահմանափակում էր ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Բանաձևի հիմնական բովանդակությունն այն է, որ ԱՄՆ-ն չէր կարող ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ վերջինը չէր դադարեցրել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Այն ընդունվել է հայ-ամերիկյան համայնքի լոբբիստական ջանքերով՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին։
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, ԱՄՆ Կոնգրեսը փոփոխություն կատարեց, որը նախագահին հնարավորություն տվեց «շրջանցել» 907-րդ բանաձևը՝ հատուկ պատճառներով։ Այս շրջանցումը կոչվում է waiver (կասեցում կամ ժամանակավոր չկիրառում)։
Բոլոր ԱՄՆ նախագահները սկսած 2002-ից օգտագործել են այս իրավունքն ու շրջանցել են 907-րդ բանաձևը։