Փեզեշքիանը Հայաստան և Բելառուս այցին ընդառաջ նախանշել է առաջնահերթությունները | 1lurer.am

1lurer.am

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ համատեղ ներդրումային նախագծերի առաջմղմանը: Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, որը նվիրված է եղել Հայաստանի և Բելառուսի հետ Իրանի հարաբերությունների քննարկմանը:

Նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ քննարկումները կենտրոնացած են եղել առանցքային ոլորտներում հնարավոր համագործակցության վրա, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը, ներդրումները, առողջապահությունը, շրջակա միջավայրը, գիտությունը, մշակույթը և զբոսաշրջությունը:

«Պաշտոնյաները նախանշել են համագործակցության հիմնական խնդիրներն ու հնարավորությունները և քննարկել դրանց լուծման ռազմավարությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Իրանկան Mehr գործակալության փոխանցմամբ՝ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը՝ շեշտը դնելով Իրանի ազգային շահերի պաշտպանության վրա:

«Հանդիպմանը քննարկվել են նաև Իրան-Հայաստան և Իրան-Բելառուս համագործակցության առաջիկա համաձայնագրերն ու հուշագրերը՝ ուղղված դրանց ժամանակին իրականացմանը»,- նշվում է հաղորդագրությունում:

Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը կառուցողական փոխգործակցության և փոխշահավետության միջոցով տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը:

Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 18-ին։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև