Մինչ այս պահը հանրային տրանսպորտում չվճարելու համար դուրս է գրվել մեկ տուգանք:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, և հիմնական ժամանակում տուգանքներ դուրս չեն գրվել:
«Այս պահին տեխնիկական խնդիրները լուծվել են, որևէ խոչընդոտ այդ մասով չունենք»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ եթե վստահ են, որ խնդիրներ չկան, պետք է համապատասխան վարչարարությունը կիրառել:
Հիշեցնենք, որ 2025թ. հուլիսի 3-ին ՀՀ ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Երևանի տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար տուգանք սահմանող և այլ դրույթներ պարունակող նախագիծը: Մասնավորապես՝
- 10 000 դրամ՝ առանց վճարելու օգտվելու համար,
- 15 000 դրամ՝ վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի՝ նշված ծառայություններից օգտվելու համար,
- 3000 դրամ՝ վճարման կրիչ ունենալու և տրանսպորտային միջոցում առանց վավերացում կատարելու օգտվելու համար:
Նախագծով տրանսպորտում հսկողություն են իրականացնում համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Վերջինս լիազորությունների իրականացման ընթացքում իրավունք ունի ուղեվարձ չվճարած անձին նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալ տեղեկություն, նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմել ոստիկանություն՝ լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով: