Երևանի քաղաքապետարանի օգոստոսի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցում է ներկայացրել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերացման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
«Օգոստոսի 8-ի կեսգիշերին՝ 00:30-ին, ստացվել է ահազանգ, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 4 հասցեում՝ աղբի տեղադրման վայրում։ Անմիջապես աշխատանքներին արձագանքել է Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչությունը: Առավոտյան՝ ամսի 9-ին, կրակը մարվել էր ամբողջությամբ, ծավալը մոտ 5 հեկտար է, բայց աղբավայրը ծխում էր ամբողջ ծավալով»,- հիշեցրել է նա:
Արեյանի խոսքով մոբիլիզացվել են քաղաքապետարանի ողջ ռեսուրսները՝ ԵԱՍՄ-ն հնարավոր ամբողջ շարժակազմով և անձնակազմով աշխատանքը տեղափոխել է աղբավայր, հողը տեղափոխելու, ջրցան մեքենաներով աջակցելու ամբարձիչներով. «Այնուհետև դիմել ենք Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք առանց բացառության 9 օր շարունակ աջակցել են այդ աշխատանքներին համապատասխան տեխնիկայով, տարբեր չափերի, տրամաչափի, տարբեր ֆունկցիայի մեքենաներով։ Շատ ակտիվ է եղել աջակցությունը մեր վարչական շրջանների կողմից: Դիմել ենք նաև մասնավոր կազմակերպությունների»:
Նա նշել է, որ ամեն օր տեղում աշխատել է 20-22 միավոր տեխնիկա:
«Հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր, երեկ՝ կիրակի օրվա դրությամբ ամբողջությամբ տարածքը ծածկվել էր հողով, ծուխը վերացավ: 9 օրերի ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող: Փոքր բաներ են մնացել, աշխատանքները շարունակվում են»,- ասել է Արեյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը զեկուցումից հետո ընդգծել է, որ աղբավայրի խնդիրը Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է:
«Շարունակում ենք պայքարել հետևանքների դեմ, բայց արդեն տևական ժամանակ է մենք ունեցել ենք քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր, բայց ինչ-որ մի փուլի եկել հանգել էինք, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ։ Եվ անկեղծ ասած, ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում այդ մրցույթի հետ կապված»,- ասել է Ավինյանը:
Նա ընդգծել է, որ կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ արդեն կադրային համապատասխան որոշում կկայացի, քանի որ այս հարցում այլևս չեն կարող հապաղել:
«Խնդրում եմ ձեզ, մինչև տարվա վերջ բերել հստակ վերջնական լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, որը որ պետք է տեղի ունենա մինչև այս տարվա վերջ, և այլևս ոչ մի րոպե ավել, մենք չենք կարող դրան սպասել»,- եզրափակել է քաղաքապետը։