Դատախազությունն ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան խմբի բողոքն ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի դեմ | azatutyun.am

azatutyun.am

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան խմբի բողոքն ընդդեմ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են գերատեսչությունից։

Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը չի բացառում, որ այս տարվա գարնանը Գազայի հումանիտար հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ դարձած Փափազյանը «հնարավոր է՝ ներգրավված լինի կամ նպաստել է Գազայի հատվածում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համարժեք գործողություններին»։

Իրավապաշտպան խումբը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ կոչ անելով անհապաղ հետաքննություն սկսել Դավիթ Փափազյանի գործով։

Իրավապաշտպանների բողոքի մասին գրած Middleesteye.net-ը հայտնում է, որ Իսրայելն ու դաշնակից Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ստեղծված Գազայի հումանիտար հիմնադրամը
լայնորեն քննադատվել է «պաշարված Գազայի հատվածում իր ռազմականացված սննդի բաշխման մեխանիզմի համար»։ Բարեգործական կազմակերպություններն, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմաններին»(MSF), հիմնադրամին մեղադրում են «սովի և անմարդկայնացման» ինստիտուցիոնալացման համար»։

Ըստ լրատվամիջոցի՝ հիմնադրամի կենտրոններում օգնության հերթ կանգնելիս կամ դրա կենտրոններ գնալու ճանապարհին առնվազն 1800 պաղեստինցի է սպանվել, և ավելի քան 13500-ը՝ վիրավորվել սնունդ վերցնելիս։

Middleesteye.net-ը միևնույն ժամանակ շեշտում է, որ Գազայի հումանիտար հիմնադրամը մի քանի անգամ հերքել է, որ իր կենտրոններում որևէ մեկը սպանվել է։ Հիմնադրամից պնդում են, թե զոհվածների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները «կեղծ են և մոլորեցնող»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև