«Թրամփի ուղու» վրա, ըստ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, գործելու է Հայաստանի մաքսային ծառայությունը` երկրի իրավազորության տրամաբանությամբ։ «Սա միանշանակ է»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ կիրառվելու են ԵԱՏՄ-ի կանոններն ու ընթացակարգերը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ վաշինգտոնյան փաստաթղթերում ամրագրված սկզբունքները ենթադրում են Հայաստանի պետական ծառայությունների լիարժեք գործարկում նաև տվյալ ճանապարհի սահմանային հատվածներում. «Հայաստանի Հանրապետության ծառայությունների բոլոր տեսակները, որոնք տարածվում են մյուս սահմաններին, նաև այդ սահմանին պիտի աշխատեն, և այս մոտեցումը հստակ հիմնավորում է, որ մաքսային ծառայությունը գործելու է»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները նախաստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանը, ԱՄՆ-ի և փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ, կսահմանի իր տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը։
Հռչակագրով ամրագրվում է, որ բոլոր ապաշրջափակվող հաղորդուղիները, ներառյալ նշվածը, գործելու են մասնակից երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Ծրագիրը կապահովի նաև անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև՝ «փոխշահավետ առավելություններ ստեղծելով Հայաստանի միջազգային և ներքին հաղորդակցության համար»։
Էդուարդ Հակոբյանը շեշտում է, որ ՊԵԿ-ի ընթացիկ քաղաքականությունն ուղղված է «տոտալ պարզեցումներին»՝ արտաքին առևտրի և տնտեսության խթանման համար. «Վերջերս ներդրել ենք ավտոմատ բացթողնման ռեժիմ, արտահանողների համար գործում է 24/7 սպասարկում, գործարկվել է ծանուցման համակարգ՝ հեռավար սպասարկման համար»։ Նրա խոսքով՝ այժմ մշակվում է միասնական նոր թվային հարթակ, որը թույլ է տալու կրճատել շփման ժամանակը բիզնեսի ու քաղաքացիների համար։
Կադրերի մասնագիտական ու տեխնիկական հնարավորությունների բարձրացման առումով, ըստ Հակոբյանի, ԱՄՆ-ի հետ կնքված երկրորդ հուշագրով ամրագրվել է մաքսային ոլորտի կարողությունների զարգացման կետը․ «Շուտով ԱՄՆ գործընկերների հետ կսկսենք այդ գործընթացը, որտեղ կփորձենք զարգացնել մեր կարողությունները»։ Խոսքը, ըստ ՊԵԿ նախագահի, ներդրումային և ինստիտուցիոնալ աջակցությանն է վերաբերում, ոչ թե օպերացիոն «արտաքին ներկայությանը» մաքսային կետերում։
ՊԵԿ ղեկավարը նշում է նաև, որ ճանապարհի մաքսային մոդելի և կոնկրետ տեխնիկական լուծումների քննարկումները դեռ չեն իրականացվել. «Դեռ մոդելը չի քննարկվել։ Դա ապագայի տեխնիկական քննարկումների առարկա է համապատասխան աշխատանքային խմբերում»։ Պաշտոնյաի խոսքով, գործընթացը կսկսվի քաղաքական համաձայնությունների իրականացման փուլում, և ՊԵԿ-ը «միանշանակ ներգրավված է լինելու» թե՛ կադրերի կարողությունների բարձրացման, թե՛ համակարգերի արդիականացման ուղղությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։