Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունը կենսական նշանակություն ունի. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am

Հայաստան-Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկեության հիմքում է Հայաստանի և Իրանի ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ երկուստեք համաձայնել են, որ հասունացել է ժամանակը՝ աշխատանքներ իրականացնել՝ երկու երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի:

«Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ն և ամբողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ: Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի:

Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռկակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:

Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին՝ այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև