Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրերն արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ: Պետք է նշեմ, որ այդ ծրագրերը ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը, ըստ վարչապետի, հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը:
«Համոզված եմ, որ 32 կմ երկարությամբ ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամանակահատվածում, և իմ գործընկերոջ հետ առիթ կունենանք նշելու մեր երկու պետությունների հերթական հաջողությունը:
Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ:
Էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն նախագիծը Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է: Հարգարժան գործընկերոջս հետ այդ հարցը ևս քննարկեցինք, և ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի: Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել ԻԻՀ»,- ասաց նա: