Դատարանում մեկնարկել է «Սրբազան պայքարի» գործով առաջին նիստը

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ եւս 17 անձի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Նիստից առաջ՝ նախքան դատավորի գալը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց դահլիճում հավաքված քաղաքացիներին՝ ասելով․ «Եկեք բոլորով միասին մի զորավոր աղոթք անենք, նոր սկսենք այս հրաշալի ճանապարհը»։

Նշենք, որ 18 մեղադրյալներից 17-ը, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը, կալանավորված են, 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված վարչական հսկողությունը։

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Վազգեն Պետրոսի Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով ՀՀ Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ ՀՀ իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Բագրատ արքեպիսկոպոսի գործով պաշտպանները դատարանին դժգոհություն ներկայացրին դատական նիստերի դահլիճի պայմանների հետ կապված․ «Այստեղ ներկա են արհեստավարժ փաստաբաններ, որոնք, առնվազն անզեն աչքով նկատելի է, հնարավորություն չունեն իրենց պարտականությունները կատարել։ Ես, օրինակ, իմ պաշտպանյալին մեջքով եմ նստած, եւ զրկված եմ ընթացիկ խորհրդատվություն տալու տարրական հնարավորությունից»,- նշեց փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը եւս հայտարարեց՝ այս դատական դահլիճը ի վիճակի չէ դատավարության այս քանակի մասնակից սպասարկել․ «Եթե օրինակ, ավտոբուսում, որում 30 տեղ է նախատեսված, 60 հոգի նստեն, կտուգանեն եւ թույլ չեն տա վարել, ես կարծում եմ՝ մենք այժմ ավելի կարեւոր կամ առնվազն ոչ պակաս կարեւոր գործով ենք զբաղված, քան մարդկանց տեղափոխելը, խնդրում եմ՝ ապահովել տարրական պայմաններ, առնվազն գոնե գրասեղան լինի, համակարգիչները դնեն»,- նշեց նա՝ հավելելով՝ հասկանում են, որ դատավորի անձից չէ կախված, բայց չկա այլ անձ, ում կարող են դիմել այս հարցով։

Դժգոհությանը միացան նաեւ լրագրողները՝ նշելով, որ իրենց լիարժեք լսելի չեն կողմերի ելույթները, եւ խնդրելով քննարկել այլ դահլիճ տեղափոխվելու հարցը։

Դատավորը, լսելով կողմերին, ասաց՝ ինքն էլ է տեսնում, որ դահլիճը փոքր է, ուստի այսօրվա նիստում կողմերի ինքնությունները կճշտի, իսկ հաջորդիվ կայանալիք նիստերի համար միջոցներ կձեռնարկի անհամեմատ մեծ դահլիճ ապահովելու համար, որպեսզի վարույթի մասնակիցները, նաեւ լրատվական միջոցները հնարավորություն ունենան բարվոք պայմաններում աշխատել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև