Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով նիստին պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին հինգ հանրային մեղադրողներին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ եւս 17 անձի վերաբերյալ գործը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը արտագնա նիստ անցկացնելու որոշում է կայացրել․ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրից գործի քննությունը տեղափոխվել է Շենգավիթի նստավայր՝ ավելի մեծ դահլիճ։

Խնդիրը, սակայն, դարձյալ չի լուծվել․ այս դահլիճն էլ ապակեպատ է, եւ ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիների եւ լրագրողների համար դատավարության ընթացքի ձայնը լսելի չէ։ Պաշտպանական կողմի դժգոհությունը լսելով՝ դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց՝ տեխնիկական խնդիրները լուծելու համար։

Նշենք, որ դատարանի բակում հաջակցություն մեղադրյալների հավաքվել են բազմաթիվ հոգեւորականներ եւ քաղաքացիներ, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանները դատարանին դժգոհություն էին ներկայացրել դատական նիստերի դահլիճի պայմանների հետ կապված։

Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո դատավորն այսօր անցավ նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերի քննությանը։ Դրանց թվում է դատավարության մասնակիցներին ներկայացվող բացարկի միջնորդությունները։

Պաշտպանական կողմն այժմ բացարկի միջնորդություն է ներկայացնում գործով ներգրավված հինգ հանրային մեղադրողներին՝ այն հիմքով, որ առկա են հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել նրանց անկողմնակալության հետ կապված:

Պաշտպաններից մեկի խոսքով՝ «չարաբաստիկ գաղտնալսման» իրական տեքստի հրապարակումից հետո դատախազները որեւէ գործողություն չեն ձեռնարկել կեղծված ապացույցները շտկելու համար, եւ արդյունքում առանձնապես ծանր հանցագործության մեջ են մեղադրել ոչ միայն Բագրատ արքեպիսկոպոսին, այլ նաեւ մյուս մեղադրյալներին, որոնք, ըստ մեղադրանքի, գործել են խմբի կազմում։ Ըստ պաշտպանի՝ դատախազները պետք է առնվազն պահանջեին վերադարձնել մեղադրական եզրակացությունը եւ փոփոխել ներառված կեղծ տվյալները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև