Կառավարությունը ՀԷՑ-ին առնչվող արբիտրաժային գործի շրջանակում 3 մլն դոլարի պայմանագիր կկնքի ամերիկյան փաստաբանական ընկերության հետ, 1 մլն դոլար էլ կհատկացվի վարչապետի աշխատակազմին

ՀՀ կառավարությունը որոշեց Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վարույթում գտնվող Liormand Holdings Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործով ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը եւ վերջինիս հետ կնքել 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլարի (չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր։

Մատուցվելիք փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով էլ ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 1 մլն 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)։

Գնումը կատարվելու է «մեկ անձ» ընթացակարգով՝ հիմա ընդունելով ՀՀ գնումների մասին օրենքի համապատասխան հոդվածը, որը սահմանում է, որ այս ընթացակարգը, ի թիվս այլնի, կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է նշված արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։

Իսկ իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ։

Որոշման հիմնավորման մեջ ասված է, որ գնառաջարկների ուսումնասիրման փուլում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ ընկերության փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առաջարկվող իրաբանական ծառայությունների արժեքի մրցունակությունը և հնարավոր շահերի բախման հանգամանքը։

«Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում): Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն»,- ասված է հիմնավորման մեջ։

Նշվում է, որ քանի որ ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան վերջինս հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, ապա ՀՀ վարչապետի աշխատակազմին էլ 2025-ի 2-րդ կիսամյակում անհրաժեշտ է հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։

Այս արբիտրաժային գործը, հիշեցնենք, առնչվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ ծավալված իրավիճակին։ Մասնավորապես, 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայցի շրջանակում պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այդպիսով, ՀՀ կառավարությունը փաստացի հրաժարվել էր կատարել արբիտրաժի պահանջները։

Դրանից հետո՝ 2025 թվականի հուլիսի 29-ին, Սամվել Կարապետյանն ու ընտանիքը կրկին դիմել են հրատապ արբիտրաժին՝ խնդրելով լրացում կատարել հուլիսի 22-ին ընդունված որոշման մեջ և լրացուցիչ պարզաբանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առ այն, որ վերջինս պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել ներդրողների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել որոշման կատարմանն ուղղված քայլերի մասին։

2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև